«Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ բախվել է «Tesla»-ին. պայքարում են վիրավորի կյանքի համար

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:40-ի սահմաններում «Hyundai Elantra»-ն Քրիստափորի փողոցում «Փեթակ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին, ապա բախվել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, ապա օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկներին վիրավորին տեղափոխել մասնագիտացված հիվանդանոց։

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ բախման հետևանքով էլ «Ford Transit»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Tesla»-ին։

«Hyundai Elantra»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Leave a comment