Քարաթափումներ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. վնասվել են ավտոմեքենաներ

Փետրվարի 11-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած քարաթափումների վերաբերյալ։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

«Պարզվել է, որ քարաթափումները տեղի են ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122-րդ և 112-րդ կմ-ներին․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Քարաթափումների հետևանքով վնասվել են «VAZ» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հատուկ տեխնիկայի օգնությամբ թափված քարերը հեռացրել ավտոճանապարհից․ երթևեկությունը վերականգնվել է»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 12։20-ի սահմաններում, խոշոր քարաթափում է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում, որի հետևանքով երթևեկության մեջ գտնվող մեկ ավտոմեքենա վնասվել է։

Leave a comment