Ալեքսանյան․ Հայկ Սարգսյանին ՔՊ-ից հեռացնելու հարց վարչության նիստի օրակարգում չկա

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության սեպտեմբերի 14-ի նիստի օրակարգում նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցության շարքերից հեռացնելու հարց չի ընդգրկվել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը, հայտնում է Արմենպրեսը:

Լրագրողները հետաքրքրվել են՝ համապատասխանո՞ւմ են իրականությանը տեղեկությունները, թե ՔՊ-ն պատրաստվում է քննարկել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելու հարցը, և արդյոք այն ներառվել է կուսակցության վարչության նիստի օրակարգում:

«Այսօրվա նիստի օրակարգում նման հարց չկա։ Ձեր նշածը կարգապահական բնույթի հարց է, ու ինստիտուցիոնալ տեսանկյունից մեր կուսակցական մարմիններից ճիշտ կլինի հարցը տաք ոչ թե վարչությանը, այլ Վերահսկող հանձնաժողովին»,-ասել է Ալեքսանյանը։

Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, որ Հայկ Սարգսյանն արդեն խիստ նկատողություն է ստացել է և արդյոք հաջորդ կարգապահական տույժը կարող է ենթադրել կուսակցությունից հեռացում, Ալեքսանյանը նշել է, որ օբյեկտիվ իրավիճակում այդպես էլ պետք է լինի:

«Այո, հաջորդ նկատողության պարագայում, ամենայն հավանականությամբ, ենթադրաբար, օբյեկտիվ իրավիճակում այդպես էլ պետք է լինի»,-ասել է նա։

Հայկ Սարգսյանի շուրջ ՔՊ-ի ներսում քննարկումները կրկին ակտիվացել են օրերս նրա տված հարցազրույցից հետո։ Դրանում նախկին պատգամավորն իր նախկին թիմակիցների հասցեին քննադատություններ և պնդումներ է հնչեցրել, ինչպես նաև անդրադարձել է ՔՊ-ի ներսում իր հարաբերությունների վատթարացման պատճառներին։

Սեպտեմբերի 11-ին վարչապետ և ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Սարգսյանի հետ ներկուսակցական հարաբերությունները լարվել են ոչ թե նրա քննադատությունների, այլ վերջինիս հետ կապվող մի շարք դեպքերի հետևանքով։ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Սարգսյանի վերջին հայտարարությունների առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ընդգծելով, որ այդ հայտարարությունների արդյունքում «մարդ պետք է հայտնվի բանտում», եթե հանցագործություն է կատարվել։

Leave a comment