ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Հայաստանին եվրոպական ապագայի վերաբերյալ Բրյուսելի խոստումները «վաղանացիկ» են: Այդ մասին նա ասել է «Իզվեստիային» տված հարցազրույցում։
Որպես օրինակ նա նշել է, որ Եվրահանձնաժողովը հրաժարվել է նշել Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու կոնկրետ ժամկետներ:
«Օրինակ՝ բոլորովին վերջերս Եվրահանձնաժողովում, ըստ էության, ուղղակիորեն հերքել են Նիկոլ Փաշինյանի խոսքերը մինչև 2029 թվականը վիզային ռեժիմի ազատականացման հասնելու մասին։ Սա ընդգծում է «հրաշալի եվրոպական ապագայի» վերաբերյալ խոստումների ամբողջ անցողիկ բնույթը և Բրյուսելի կողմից հայկական պետության նկատմամբ օգտապաշտական վերաբերմունքը»,-ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում կարծում են, որ եվրոպական երկրները Հայաստանն առաջին հերթին դիտարկում են սեփական տնտեսական և քաղաքական շահերի տեսանկյունից։
«Եվրոպացիներն իրենց «հովանավորյալների» մեջ տեսնում են միայն ռեսուրսների, աշխատուժի աղբյուր, ինչպես նաև ամբողջությամբ ապաարդյունաբերականացված շուկա՝ սեփական ապրանքներն ու ծառայությունները, այդ թվում՝ անվտանգության ապահովման ծառայությունները վաճառելու համար, որոնց դիմաց բոլոր իմաստներով ստիպված են թանկ վճարել», — հավելել է Գալուզինը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ 2029 թվականն անվանել էր Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման հնարավոր ուղենիշ։ Սակայն Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է։