Էդգար Ղազարյանն առաջարկում է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանի ոսկեձույլ արձանը

«Երեկ Ազգային ժողովի նախագահը մի անհանգստություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի արձանները ոսկուց չեն պատրաստված։ Այդ իմաստով ճիշտ է ասում, Նիկոլ Փաշինյանի մի քանի արձան կա Հայաստանում, իսկապես դրանք ոսկուց չեն, շատ էժան նյութից են պատրաստված, և իսկապես գեղարվեստական արժեք էլ իրենցից չեն ներկայացնում։ Եվ թերևս դա է պատճառը, որ նաև հարձակումների են ենթարկվել բազմիցս, վանդալիզմի են ենթարկվել, ու նրանցից մեկը հիմա գտնվում է Իջևանի եկեղեցու բակում, բայց ոչ այն տրամաբանությամբ, ոնց որ Հայկ Կոնջորյանը իր ելույթում խոսեց այն պատկերի մասին, որը ժամանակին եղել էր Տավուշի մարզի եկեղեցիներից մեկում։ Օրինակ, ի՞նչ եք կարծում, որպես հանձնաժողովի նախագահ, չարժի՞ արդյոք, որ Նիկոլ Փաշինյանի ոսկեձույլ այդ արձանները սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրվեն Հայաստանի տարբեր քաղաքներում։ Ի դեպ, Վայքում նրան ընդունած քաղաքացիներից մեկը՝ «Նախադուի Հերոն», որի եղբայրը աշխատում էր Վայքի քաղաքապետարանում, նման մի առաջարկ արել է նախընտրական արշավի ժամանակ»,- խորհրդարանում իր կուսակից Ռուբեն Մխիթարյանին հարցրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Հակադարձելով Ռուբեն Մխիթարյանին, որ արձանները մարդու կենդանության օրոք չեն դրվում, Էդգար Ղազարյանն ասաց, որ Շառլ Ազնավուրի արձանը տեղադրվել է իր կենդանության օրոք Գյումրի քաղաքում՝ հաշվի առնելով, որ նա ազգային հերոս է և մեծ բարերար եւ հեգնեց․ «Նիկոլ Փաշինյանն էլ բա իր պաշտոնավարման շրջանում այսքան մեծ գործեր է արել մեր պետության, մեր ժողովրդի համար։ Հիշու՞մ եք, երբ որ նա վարչապետ էր մինչև պատերազմը, ասում էր՝ եթե կլինի նոր պատերազմ, կլինեն նոր տարածքներ (իրականում այդ պնդումն արել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը.-խմբ.), մարդը իր խոստումը կատարել է, հայրենիք է ազատագրել, մեր երկրին խաղաղություն է բերել, բարեկեցություն է բերել, մինչև հիմա էլ շարունակում է հլը դա անել, շենացնել։ Նայեք հլը իր պաշտոնավարման շրջանում Բաքվում ինչ ռազմավարի պուրակ է ստեղծվել, Արցախում ինչքան նոր օդանավակայաններ են կառուցվել։ Բայց չարժի՞ արդյոք այդպիսի հաջողությունների հասած մարդու արձանը ոսկուց ձուլել ու բոլոր քաղաքներում դնել։ Ամենայնիվ, խնդրում եմ մտածեք էլի դրա մասին, շնորհակալ եմ»։

«Միանշանակ չարժի։ Ասեմ ավելին, ճիշտ չի նաև Շառլ Ազնավուրին Նիկոլ Փաշինյանի հետ համեմատելը։ Այնպես որ մտածելու բան չունեմ, պատասխանս միանշանակ է՝ ոչ»,- հնչեց պատասխանը։

«Տիկին Մանավազյան, հուսով եմ Սամվել Կարապետյանի բրոնզաձույլ արձանների մասին չի լինելու ձեր հարցը, կամ ասենք կավից, կամ Մայր Աթոռում իրենց․․․, կամ օրինակ տիղմից էլ եմ լսել, որ արձաններ են լինում, կարող է տիղմից լինի․․․»,- տեղից արձագանքեց նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment