Այդ մարդիկ նահատակվել են հայրենիքը պաշտպանելիս, իսկ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը չտեսնելու, չլսելու տալով՝ անարգում են մեր սուրբ նահատակների հիշատակը. Տիգրան Աբրահամյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Պաշտպանության նախարարի ուրախ-զվարթ տեսանյութերն ես նայում՝ զորամասեր, դիրքեր է գնում:

Երևի նոր են պարզել, որ այդ ամենն իրենց պարտականությունն է, այլ ոչ թե նոր բարեփոխում կամ տեխնոլոգիական լուծում:

Բայց այլ բանի համար գրեցի: Ի՞նչ արժեք ունի կամ որքանո՞վ են անկեղծ այդ շփումները սպայակազմի, շարքային անձնակազմի, առհասարակ դիրքապահների հետ, եթե այդ նույն մարդիկ տեսնում են, գիտեն ձեր վերաբերմունքը հայրենիքի պաշտպանի, մեր նահատակների նկատմամբ:

Ձեզ թվում է, որ բանակում, զինծառայողների շրջանում հարց չի՞ առաջանում, թե ինչու է իրենց վերադաս հրամանատարությունը, ԳՇ պետը, նախարարն անտեսում սրանից 4 տարի առաջ ՀՀ նկատմամբ ագրեսիան ու դրա հետևանքով զոհված իրենց համածառայակիցներին, հայրենակիցներին:

224 մարդ է զոհվել 2022-ի սեպտեմբերյան հարձակման հետևանքով. այդ մարդիկ նահատակվել են հայրենիքը պաշտպանելիս, իսկ պաշտպանության նախարարն ու ԳՇ պետը չտեսնելու, չլսելու տալով՝ անարգում են մեր սուրբ նահատակների հիշատակը:

Իրենց ղեկավարն էլ, նույն օրը, հեծանվավազք է կազմակերպում, անհոգ դեմքով ժպտում, ուտում-խմում ու կյանքը վայելում:

Իրենց բանակը, զինծառայողները միայն պետք են քարոզարշավների համար, զորահանդես անելու և շարքի առաջ կանգնելու կադրեր ստանալու համար, իսկ երբ թեման հասնում է նահատակությանը, հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան:

Փառք մեր նվիրյալներին,
հավերժ փառք մեր նահատակներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment