Բժիշկը նախազգուշացրել է օրեր շարունակ առանց քնի մնալու ողբերգական հետևանքների մասին

Օրեր շարունակ առանց քնի մնալը կարող է կյանքի համար վտանգավոր լինել։ Այս մասին զգուշացրել է բժիշկ Էդուարդ Էստիվիլը՝ գրել է «El Confidencial» պարբերականը։

Էստիվիլն ընդգծել է, որ նույնիսկ մեկ անքուն գիշերը կարող է հանգեցնել հոգնածության, դյուրագրգռության և կենտրոնանալու դժվարության։

48-ից 72 ժամ անց մարդու վիճակը զգալիորեն վատթարանում է՝ ի հայտ են գալիս ապակողմնորոշման, հուզական անկայունության և տրամաբանական մտածողության խանգարման նշաններ։ Որոշ դեպքերում առաջանում են հալյուցինացիաներ և գիտակցության կարճատև կորուստներ (ընդամենը մի քանի վայրկյան տևողությամբ), որոնք անհատը կարող է նույնիսկ չնկատել՝ կարծելով, թե լիովին արթուն է։

Մասնագետի խոսքով՝ քնի խիստ պակասը հանգեցնում է ապակողմնորոշման և խաթարում օրգանիզմի համակարգերի աշխատանքը։ Հատկապես վտանգավոր հետևանքներից են երիկամային անբավարարության հավանականությունը և ճանաչողական գործառույթների աստիճանական անկումը։

Երբ բժշկին հարցրել են, թե արդյոք մարդը կարող է մահանալ քնի պակասից, նա դրական պատասխան է տվել։

Leave a comment