Ռուսաստանը Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ դիմում Հայաստանից չի ստացել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հայկական կողմից դիմում չենք ստացել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ»,- ասել է նա «Իզվեստիա»-ին։
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է ելնել այն հանգամանքից, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը պետք է լուծել հայկական կողմը։
«Մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ լինի ռուսական որևէ ռազմական ենթակառուցվածք, մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք»,- ասել էր նա։
Պուտինը նաև նշել էր, որ եթե Հայաստանը համարի, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, ապա «մենք կգնանք թեկուզ վաղը»։
Անդրադառնալով Պուտինի այս հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ երկու երկրների ղեկավարների երկկողմ հանդիպման ընթացքում ռազմաբազայի թեման չի քննարկվել։
«Այնպես էլ չի, որ մենք համարում ենք, որ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանի Հանրապետությունից, մենք չենք առարկի։ Բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել»,- նշել էր Փաշինյանը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի