Եթե ձուկն ապրի ցամաքում… խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մի «մորուքավոր», բայց դիպուկ անեկդոտ կա կենդանաբանություն առարկայից քննության չպատրաստված ուսանողի մասին, որ միայն ոջիլի մասին դասն է սովորել: Որ տոմսը քաշում է, ինչ կենդանու մասին հարցը լինում է, պտտում-պտտում, բերում է մորթու վրա, այնտեղից՝ ոջիլին, ու գնա՜ց… Դասախոսը միանգամից կռահում է, ձկների մասին է հարց տալիս: Սա թե՝ ձուկը ջրային կենդանի է, բայց եթե ապրեր ցամաքում, թեփուկների փոխարեն կունենար մորթի, իսկ մորթու մեջ կլինեին ոջիլներ…

Հիմա փաշինյանենցն է: Ինչի մասին խոսեն-չխոսեն, որտեղ նստեն-ելնեն, տեղի-անտեղի անընդհատ նույն բանն են խոսում՝ «խաղաղություն, խաղաղությունը չվտանգել, խաղաղությունը փայփայել…»:

Դեռ մի կողմ դնենք այն, որ միակողմանի խաղաղություն չի լինում: Մի կողմ դնենք նաև այն, որ խաղաղության լինել-չլինելը միայն սահմանում կրակոցներ չլինելու մասին չէ: Խաղաղությունը նաև այն է, որ դիմացինը, ում հետ, իբր, խաղաղություն եք կնքել (չնայած, նույնիսկ չեն կնքել), իր վերահսկողության տակ հայտնված քո ազգային, պատմական, մշակութային հուշարձանների, օբյեկտների դեմ ոտնձգություններ չանի: Մի բան, որ տեսնում ենք այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի կողմից՝ պետական ամենաբարձր մակարդակով: Այսինքն, Ադրբեջանում հակահայությունը պետական քաղաքականություն է: Այդպես եղել է, այդպես նաև հիմա է: Միառժամանակ սա էլ մի կողմ դնենք: Մի կողմ դնենք և այն, որ Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանի ու Արցախի գլխին պատերազմ բերեցին, բացի այդ, իրենց վարած քաղաքականությունը հանգեցրեց նաև հետպատերազմական մի քանի մարտական բախման, որոնց հետևանքով Արցախը հայաթափված է, Կապանի, Վարդենիսի, Ջերմուկի գերիշխող սարերն ու դիրքերն էլ՝ թշնամական վերահսկողության տակ՝ որպես ռեալ սպառնալիք:

Թեպետ, եթե նշված ու չնշված «մի կողմ դնենք»-ները ոչ էլ մի կողմ դնենք, ակնհայտ կդառնա, որ իրականում ոչ մի խաղաղություն էլ չկա: Կա պահանջների լուռումունջ կատարում Հայաստանի իշխանությունների կողմից, կա Հայաստանի անդադար, սողացող մաշեցում և թշնամական սողացող էքսպանսիա: Ուզում ես՝ անունը «խաղաղություն» դիր, ուզում ես՝ «ինքնիշխանություն», ինչ ուզում ես դիր:

Բայց:

Հեծանվավազքի մրցում է: Մայրաքաղաքն ու հանրապետության մի մասում երթևեկությունը Սուրբ Խաչի տոնի օրով կաթվածահար էին արել: Սակայն դիտարկումն այլ բանի մասին է: Հեծանվասեր Նիկոլ Փաշինյանը ելնում է ու մրցույթի փակման արարողությանն այսպիսի բառեր է ասում. «Շատ կարևոր է, որ մենք միջազգային գործընկերություն ենք հաստատում նաև նման նախաձեռնություններով: Կարծում եմ, որ պատահական չէ, որ 2026 թվականին է հենց այս մրցաշարը տեղի ունենում: Սա Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ևս մեկ շատ պայծառ և պերճախոս վկայություն է»: Չենք կատակում, բառացի մեջբերում է…

Լավ, էլի: Ի՞նչ կապ ունի խաղաղության հռետորաբանությունը հեծանվավազքի, վազքի, ֆուտբոլի կամ թեկուզ բռնցքամարտի մրցաշարի հետ: Ո՞ւմ են ինչի տեղ դնում:

Լավ, կարո՞ղ է նախկինում Հայաստանում խոշոր մարզական կամ ոչ մարզական միջոցառումներ չեն եղել: Հեծանվավազքո՞վ է որոշվում խաղաղության լինել-չլինելը:

Էհ, 2019-ին էլ Արցախում չճանաչված երկրների ֆուտբոլի առաջնությունն էր: Ո՞ւ…

Արցախ ասացինք, հիշեցինք: Նույն 2019ին նույն Փաշինյանը Արցախում Համահայկական խաղերի բացումն էր անում ու Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում բղավում. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ո՞ւր է Ստեփանակերտը, ո՞ւր է Վերածննդի հրապարակը: Ո՞ւր է Արցախը: Աշխարհագրորեն իրենց տեղերում են: Բայց… հայաթափված, թրքապղծված ու ապականված:

Ու ընդհանրապես, Փաշինյանն ու, հասկանալի է, մնացյալ քպականները, ըստ նպատակահարմարության, մի բան բերաններն են գցում կամ մատի փաթաթան են անում, ու գնա՜ց. «Եթե ձուկն ապրեր ցամաքում»:

Արարատի՞ն նայեցիր, ահա՜, դեմ եք խաղաղությանը, պատերազմ եք ուզո՜ւմ:

Տիգրանաշե՞ն ասացիք, ահա՜, պատերա՜զմ եք ուզում: Բանա՞կն եք ուզում ուժեղացնել, ահա՜, ռևանշիստ եք: Ազգային հերոսների նկարնե՞ր եք փակցրել դասասենյակի պատին, էս պատերազմ եք ուզո՞ւմ…

Հայերե՞ն եք խոսում, գրում, կարդում, դեմ եք խաղաղությանը:

Եկեղեցուն եք պաշտպանո՞ւմ, ահա՜, պատերազմ եք ուզում:

Արցախը տանք, որ հանգիստ ապրենք, Կիրանցի դիրքերը տանք, որ հանգիստ ապրենք, Գորիս-Կապան ճանապարհը տանք, որ հանգիստ ապրենք: Արցախը բեռ էր: Վաղը կասեն՝ Հայաստանն էր բեռ…

Լսեք, իսկ կլինի՞ պարզապես հանգիստ ապրենք, առանց ձեր իշխանության: Ապրում էինք, չէ՞: Ըստ որում՝ հաղթանակած ու արժանապատիվ: Ապում էինք Արցախում էլ: Ու Կապանն ու Ջերմուկն էլ սահմանամերձ քաղաքներ չէին: Սոթքի հանքն էլ թուրքը չէր շահագործում:

Մի երկու բառ կամ ավելի ճիշտ՝ կարգախոս են վերցրել, «բոբոյացրել», ինչ լինում է, թե բա՝ «Ռուսաստանը…», «նախկիննե՜րը», «թալա՜նը…», «մաֆիա՜ն…»:

Մանթրայի նման կրկնում են:

Հա, ու «խաղաղությունը»: Ի՞նչ խաղաղություն: Թշնամին, ի դեմս Ադրբեջանի, խաղաղությո՞ւն է ուզում: Չէ՛: Թշնամին ուզում է, որ Հայաստան չլինի: Ու բաց հայտարարում է դրա մասին: Եթե չի էլ հայտարարում, իր ամեն ինչով դա է ցույց տալիս:

Հայաստանը հռչակում է «արևմտյան Ադրբեջան», Արցախի բազմադարյա հանրահայտ հայկական վանական համալիրները պղծում է ու հռչակում ոչ հայկական, բացեիբաց ծաղրում ու ծանակում է հայերին, հայկական մշակույթը, պատմությունը, իրողությունները, ամեն ինչ: Մեզանից ժամանակին կրած պարտության բարդույթից դեռ ինքնահաստատվող թշնամին, որ զոհված զինվորների գլուխը կտրելով էլ չի հանդարտվում, որ Ջուղայի խաչքարերը խճաքարի վերածելով էլ չի հագենում…

Գիտի, որ դիմացը հիմա մի իշխանություն է, որը ծպտուն չի հանելու, գլուխը կախ, վիզը ծուռ կմկմալու է խաղաղության մասին, ինչպես այն ծույլիկ ուսանողը՝ ոջիլի:

Դա խաղաղություն չէ: Դա շարունակաբար նվաստացած, թշնամու առաջ բերանքսիվայր ընկած լինել է ու նրա ողորմածությանը հանձնվել է: Իրական խաղաղությունն արժանապատիվ է լինում: Էհ, թշնամին էլ տեսնում է, որ դիմացինը ինքնալեղաճաք վիճակում է, մտքովն ինչ անցնում է, պահանջում է: Ինչո՞ւ չպահանջի, եթե վազեվազ անում են: Մինսկի խումբը լուծարված համարեք: Եղավ, ոնց ասեք:

Սահմանադրությունը մեր ասածով փոխեք: Եղավ, ոնց ասեք: Կաթողիկոսի ու Եկեղեցու վրա հարձակվեք: Եղավ, ոնց ասեք…

Կարդացեք «Սասունցի Դավիթը»: Թումանյանի մշակմամբ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment