Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարչին

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի կառավարիչ, Պոդոլսկի և Լյուբերեցկի արքեպիսկոպոս Ակսիյին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում ռուս ուղղափառ հավատացյալների համայնքային կյանքի կազմակերպմանն ու նրանց հոգևոր-հովվական խնամքին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու համագործակցությանը։

Երկուստեք կարևորվել է միջեկեղեցական կապերի և հովվական ոլորտում գործակցության շարունակական զարգացումը՝ ի նպաստ երկու Եկեղեցիների միջև եղբայրական հարաբերությունների առավել ամրապնդման և ժողովուրդների հոգևոր կյանքի զորացման։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին։

Leave a comment