Չինաստանում մեջքը քորելով միլիոններ են վաստակում

Շենչժենում թափ է հավաքում մի անսովոր բիզնես: Տեղի ձեռնարկատերը հաճախորդների մեջքը քորելու ծառայությունը վերածել է շահութաբեր գործունեության։ Ցանցի երկու կետերն ամսական ապահովում են մոտ 100 հազար յուան եկամուտ (մոտ 15 հազար դոլար), իսկ նախագիծն արդեն հասել է ինքնածախսածածկման կետին, հայտնում է South China Morning Post-ը։

Ցանցի հիմնադիրը 32-ամյա Չժան Սյաոցյաոն է։ Առաջին սրահը նա բացել է մայիսին, իսկ արդեն մեկ ամիս անց՝ երկրորդը։ Հաճախորդները պառկում են մերսման սեղաններին, իսկ աշխատակիցները հատուկ մշակված արհեստական եղունգների միջոցով նրբորեն քորում են մեջքը և մարմնի այլ հատվածներ։ Մեկ ժամ տևողությամբ պրոցեդուրայի արժեքը 300 յուան է (մոտ 40 դոլար)։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ նման ծառայությունը թեթևացնում է սթրեսը, օգնում է հանգստանալ և կարգավորել քունը։

Չժանը համոզված է, որ պահանջարկը պայմանավորված է մեգապոլիսների բնակիչների շրջանում սթրեսի բարձր մակարդակով։ Քանի որ Չինաստանում նախկինում նման բիզնես չի եղել, նա ստիպված է եղել ծառայության մատուցման տեխնիկան մշակել զրոյից։ Այժմ ձեռնարկատերը մտադիր է ամբողջ երկրում բացել մինչև 100 նման սրահ և անսովոր ծառայությունը վերածել լիարժեք մասնագիտության։

Առաջին երկու կետերն արդեն շահույթ են ապահովում։ Չժանը նախատեսում է ընդլայնել բիզնեսը ֆրանչայզինգի մոդելով և ծառայությունների շուկայում սահմանել նոր նշաձող։

Leave a comment