Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»

Մարտի 6-ին ԱԱԾ շենքի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» էին նետել, տեսանյութը հայտնվել էր համացանցում։ Պարզվել էր, որ նետողը 31-ամյա Րաֆֆի Մանդալյանն է։ Դատարանը բավարարել էր նրա նկատմամբ երկու ամսով կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը։

Իրավապահները նրա գործողությունները որակել էին որպես ահաբեկչություն։ Տղամարդու նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն)։ Մանդալյանը գործով անցնող միակ մեղադրյալն է, գործի ընթացքում հարցաքննվել է նաեւ նրա հայրը, որի հետ էլ նա ապրելիս է եղել։ Հայրն ասել է, որ որդին ունի հոգեկան առողջության խնդիրներ, ինչը դրսեւորվել է նրա վարքագծում՝ համատեղ կենցաղի ընթացքում։

Րաֆֆիի պաշտպան Հրաչ Առաքելյանը «Հրապարակ»-ին ասել է, որ քննիչին մի քանի անգամ միջնորդել են դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, սակայն դրանք մերժվել են։

Պաշտպանը տեղեկացրել է` գործով դատաքննությանն են անցել արդեն, վկաների հարցաքննության փուլն է ընթանում։

Ըստ պաշտպանի` որպես վկա են անցնում ԱԱԾ աշխատակիցները, մասնավորապես` շենքի անվտանգության աշխատակիցները։

Րաֆֆի Մանդալյանը ասել էր, որ այդ քայլին գնացել է` իր վրա ուշադրություն հրավիրելու համար։

Leave a comment