Լոռու լեռներում սեպտեմբերի 12-ի երեկոյան իր արդյունքներն ամփոփեց «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 12-րդ միջազգային փառատոնը, որն իրականացվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Դեբեդ գյուղի «Դեբատուն» հյուրատան այգում, ընդհանուր առմամբ, հանձնվեց 7 մրցանակ, որոնց տերերն ընտրվել էին փառատոնի Լիամետրաժ և Կարճամետրաժ մրցութային ծրագրերի 21 ֆիլմից։ Կարճամետրաժ մրցույթում Գլխավոր մրցանակի արժանացավ ռեժիսոր Արթուր Սահակյանը «Մենակ երկուսով» ֆիլմի համար, իսկ Ժյուրիի հատուկ մրցանակին՝ Մերի Վարդանյանը «Կյանքը շարունակվում է» ֆիլմի համար։ Լիամետրաժ մրցույթի գլխավոր դափնեկիրներն էին ուկրաինացի ռեժիսորներ Ելիզավետա Սմիթը, Ալինա Գորլովան և Սեմյոն Մոզգովոյը «Միլիտանտրոպոս» կինոնկարի համար, իսկ իրանցի ռեժիսոր Մեհրդադ Օսքուեիի և համառեժիսոր Սորայա Ախլաղիի «Աղվեսը մանուշակագույն լուսնի տակ» ֆիլմը ստացավ Ժյուրիի հատուկ մրցանակ։
Փակման արարողությանը ցուցադրվեցին նաև փառատոնային շաբաթվա ընթացքում իրականացված երկու աշխատարանների արդյունքում ստեղծված ֆիլմերը։ Իտալուհի ռեժիսոր և մանկավարժ Մարտա Վիոլանտեն Գյուղի երեխաների կինոաշխատարանի շրջանակում շուրջ երկու շաբաթ անցկացրեց Դեբեդում, զանազան կինովարժություններ արեց տեղացի երեխաների, որոնք ուղղված էին ոչ միայն երեխաների կինոնկարահանման հմտությունների զարգացմանը, այլև նրանց ստեղծագործականության բացահայտմանն ու համատեղ աշխատանքի խրախուսմանը։ Արդյունքում ստեղծվեց 10 րոպեանոց համատեղ կինոնկար, որը հասանելի կլինի փառատոնի կազմակերպիչ «Ֆիլմադարան» ՀԿ-ի YouTube-յան էջում։ Նախագիծն իրականացվեց Հայաստանում Իտալիայի դեսպանության աջակցությամբ։
Պորտուգալացի ռեժիսորներ Կատարինա Լարանժեյրոն և Դանիել Բարոկան փառատոնի շրջանակում հատուկ աշխատարան էին վարում Հայաստանից, Վրաստանից և Իրանից 6 սկսնակ ռեժիսորների համար։ Ութ օրվա ընթացքում միջազգային մասնակիցները՝ մենթորների առաջնորդությամբ, Դեբեդ գյուղում թեմաներ գտան իրենց ֆիլմերի համար, նկարահանեցին և մոնտաժեցին 3 կարճամետրաժ, որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում մասնակիցների տպավորություններն են գյուղից։ Այս ֆիլմը ևս հասանելի կլինի «Ֆիլմադարան» ՀԿ-ի YouTube-յան էջում։
Ստորև ներկայացնում ենք մրցանակակիրների ամբողջական ցանկը․
Հաղթողներ 2026
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթ
Գլխավոր մրցանակ․ Միլիտանտրոպոս (Ելիզավետա Սմիթ/Ալինա Գորլովա/Սեմյոն Մոզգովոյ, Ուկրաինա/Ավստրիա/Ֆրանսիա, 2025, 111՛)
Ժյուրիի հատուկ մրցանակ․ Աղվեսը մանուշակագույն լուսնի տակ (Մեհրդադ Օսքուեի/Սորայա Ախլաղի, Իրան/Ֆրանսիա, 2025, 77’)
Կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ
Գլխավոր մրցանակ․ Մենակ երկուսով (Արթուր Սահակյան, Հայաստան, 2025, 11’)
Ժյուրիի հատուկ մրցանակ․ Կյանքը շարունակվում է (Մերի Վարդանյան, Հայաստան, 2025, 20’)
«Ֆիլմադարան» ՀԿ-ի մրցանակ
Մայիսյան շշուկներ (Դոնան Չեն, Հոնկոնգ/Նիդերլանդներ/Հարավային Կորեա, Շվեդիա, 2026, 95’)
«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի մրցանակ
Սաֆուրա (Փարվիզ Ռոսթամի, Իրան/Քուրդիստան, 2026, 19’)
Մարտին Ադոյանի անվան մրցանակ
Անօթևան Ամերիկա (Մոնիկա Ստրյոմդալ, Նորվեգիա/Նիդերլանդներ/ԱՄՆ, 2025, 78’)
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: