Ղազախստանից Հայաստան է բերվելու Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» (1894) կտավը, որը ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ է ցուցադրվելու հայրենիքում։ Միաժամանակ առաջին անգամ նույն ցուցադրական տարածքում միավորվելու են նաև «Ոտնահարված սրբություն» և «Ջարդից հետո» ստեղծագործությունները։
Սեպտեմբերի 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը։
Այս բացառիկ հանդիպումը հնարավորություն է տալիս երեք ստեղծագործությունները դիտարկելու միմյանց հետ անմիջական երկխոսության մեջ և նորովի բացահայտելու Սուրենյանցի արվեստի առանցքային էջերից մեկը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ցուցահանդեսում ներկայացվելու են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլոց՝ մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործությունները, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ստեղծագործություն և Սբ․ Առաքելոց եկեղեցու պատմական այն դուռը, որը պատկերված է Սուրենյանցի «Լքյալը» կտավում։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2027-ի մարտի 16-ը։