Քաղաքականություն
14.09.2026 | 18:03
Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ռուբեն Մխիթարյանի թեկնածությունը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հարց ուղղեց թեկնածուին՝ անդրադառնալով իրենց կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի գիտական գործունեությանը։
Դավոյանը նշեց, որ կարդացել է Սամվել Կարապետյանի կենսագրությունը, որտեղ արձանագրված է, որ նա 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։ Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյոք թեկնածուն ծանո՞թ է այդ աշխատություններին, դրանցից որո՞նք կարող են ուղենիշային ծառայել հանձնաժողովի նախագահի աշխատանքում, և արդյոք կարո՞ղ է մի քանիսը խորհուրդ տալ՝ իրենք էլ կարդան։
Ի պատասխան՝ Ռուբեն Մխիթարյանն արձագանքեց, որ այդպիսի ուսումնասիրություն չի արել։
«Այդ ուսումնասիրությունները չեմ արել։ Միանշանակ խոստանում եմ բոլոր 30-ն էլ Ձեզ ներկայացնել, Դուք այնտեղ կարող եք որոշել՝ որն է Ձեզ համար լավ, որն է Ձեզ համար ավելի օգուտ»,- ասաց Մխիթարյանը։
Արձագանքելով՝ Դավոյանը հորդորեց թեկնածուին իր եզրափակիչ ելույթում նշել այդ աշխատություններից գոնե երեքը կամ հղում տալ՝ հավելելով․ «Նման մեծ բարերար և նման մեծ քաղաքական, տաղանդավոր գործչի աշխատանքներին անծանոթ լինելը իր քաղաքական թիմի կողմից առնվազն զարմանալի է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան