Արցախում տեղի ունեցածը ցույց տվեց, որ հայկական պատմամշակութային ժառանգության նկատմամբ Ադրբեջանի մշակութային էթնոցիդի քաղաքականությունը միջազգային հանրության մի մասի կողմից առնվազն խրախուսվում է։ «Առավոտ»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված այցին բռնազավթված Արցախ։
«Մենք տեսանք, թե ինչպիսի հորթային հրճվանք էին ապրում օտարերկրյա դիվանագետները, և մեր պատմության, մշակույթի խեղաթյուրման ինչպիսի գործողություն էր ընթանում Արցախում, հատկապես այնպիսի մի վայրում, ինչպիսին Գանձասարն է»,- նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Ադրբեջանի ներկայացրած թեզերը, Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով, նոր չեն։ Ադրբեջանցիները ոչնչացնում ու բռնայուրացնում են հայկական մշակութային հուշարձանները։
«Նախ ասեմ, որ որոշ արձանագրություններ աղճատված էին։ Այն գերեզմանաքարը, որի մասին խոսում են, բոլոր կողմերից արձանագրություններ ունի, հայկական մասը քերված էր։ Համենայնդեպս, լուսանկարներով այդպես երևաց, այն, որ քերված էր, դա միանշանակ է։ Իրենց նախագահը դեռեւս 2021 թվականի մարտին էր հայտարարել, թե Արցախի տարածքում գտնվող բոլոր եկեղեցիների, խաչքարերի եւ տապանաքարերի վրա գտնվող բոլոր վիմագիր արձանագրություններն իբր հետագայում են արվել հայերի կողմից եւ ենթակա են ոչնչացման։ Փաստորեն հրապարակված լուսանկարներում ու տեսահոլովակում երեւում է, որ ի կատար է ածվում Ալիևի այդ ասածը»,- ասաց նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանցիները դեռեւս 1930-ական թվականներից են փորձել այսպես կոչված «աղվանական» ներկայացնել հայկական մշակութային ժառանգությունը։
«Դեռեւս 1968 թվականին Զիյա Բունիաթովն իր «Ադրբեջանը 7-9-րդ դարերում» աշխատության մեջ գրել էր, թե իբր հայերը աղվանական գրերը ոչնչացրել են, տեղը գրել են հայերեն։ Ինքը նշում էր պատմական Ուտիքի, Սյունիքի եւ Արցախի տարածքները, ինչպես նաեւ Նախիջեւանը։ Ներկայացնում էր, թե իբր դա եղել է 9-րդ դարում՝ Բագրատունիների ժամանակաշրջանում։ Այսինքն՝ յուրացման քաղաքականության սկիզբը դրվել է 1930-ական թվականներից սկսած, իսկ ավելի վառ դա արտահայտվել է 1960-ական թվականներին։ Դա իրականություն են դարձրել 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին եւ առավել ևս այսօր, երբ Արցախն ամբողջությամբ օկուպացված է»,- նշեց նա։
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս պետք է պայքարել Ադրբեջանի այս քաղաքականության դեմ՝ Լեռնիկ Հովհաննիսյանն ասաց․ «Համախմբված ուժերով պայքար պետք է տանենք, բայց տեսնում ենք, թե Հայաստանի իշխանություններն ինչ դիրքորոշում ունեն, և այստեղ ամեն ինչ ասված է։ Բացառությամբ մի քանի ՀԿ-ների, սփյուռքյան մի քանի կազմակերպությունների, այդ թվում՝ ակադեմիական շրջանակների տարած աշխատանքի, որևէ այլ գործողություն չկա։ Եվ, բնականաբար, տեսանք, թե ադրեջանցիներն ինչպես են ներկայացնում, երբ հակազդեցություն չկա։ Նաեւ տեսանք միջազգային հանրության արձագանքը։ Այդ թվում՝ նախկին Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանները, որոնք այնտեղ էին գտնվում, ձեւացնում էին, թե կարծես այդ հարցի մասին ոչինչ չգիտեն։ Շատ լավ էլ գիտեն, և մենք տեսնում ենք, թե Արցախի հայաթափումից հետո ինչպիսի քաղաքականություն է վարվում մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: