Գերմանիայի պաշտպանության նախարարությունը որոշել է հարկադրաբար մոբիլիզացնել մինչև 1000 զինծառայողի՝ Լիտվայում տեղակայվող Բունդեսվերի բրիգադի անձնակազմը համալրելու համար, հայտնել է Bild թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Հարկադիր հավաքագրման գործընթացը նախատեսվում է սկսել արդեն սեպտեմբերի վերջին։
Նախատեսվում է մինչև 2027 թվականի վերջը Լիտվայում գերմանական զորախմբի թվաքանակը հասցնել մոտավորապես 4800 զինծառայողի։ Սակայն ստորաբաժանումը լիարժեք համալրելու համար կամավորների պակաս կա. հատկապես սուր զգացվում է ՏՏ ոլորտի և լոգիստիկայի մասնագետների, ինչպես նաև խոհարարների պակասը։
Ըստ Bild-ի՝ օգոստոսի դրությամբ կամավորական հավաքագրման միջոցով լրացվել էր բրիգադի հաստիքների միայն 60%-ը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ավելի վաղ ընդունել էր զորքերի հարկադիր մոբիլիզացիայի հնարավորությունը։
Թերթը նշել է, որ Լիտվայում գերմանական զորքերի տեղակայման նպատակը ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուժեղացումն է։ Բացի այդ, անցյալ ամիս Euronews-ը հայտնել էր, որ Գերմանիան Լիտվա՝ Բելառուսի հետ սահմանի մոտ, տեղափոխում է ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանում։