ՆԱՏՕ-ի հրամանատարի և ԽՍՀՄ-ում ծնված բրիտանա-լեհուհու միջև սիրավեպը լրտեսության հետ կապված մտահոգություններ է առաջացրել բրիտանական ռազմական շրջանակներում և հանգեցրել սպայի պաշտոնանկությանը։ Այս մասին սեպտեմբերի 14-ին հայտնել է Telegraph պարբերականը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։
Ըստ հրապարակման՝ իսպանացի ռազմածովային սպան (ում անունը չի հրապարակվել) ծառայել է Նորթվուդի ռազմական շտաբում, որտեղ նրա պարտականությունների մեջ է մտել ռուսական սուզանավերի և ռազմանավերի վերահսկումը։
2024 թվականի հոկտեմբերին սպան ծանոթացել է Ջանինա Ուայթի հետ ծանոթությունների կայքով։ Հետագայում Ուայթին մեղադրել են Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կասկածներ են առաջացել 2024 թվականի դեկտեմբերին՝ Նորթվուդի ռազմակայանում կայացած Սուրբ Ծննդյան ընդունելությունից և Պորտուգալիայի ռազմածովային բազա կատարած ուղևորությունից հետո, որին նրան հրավիրել էր իսպանացի սպան։
Թերթը հայտնել է, որ այդ այցերից հետո՝ 2025 թվականի առաջին կիսամյակում, Նորթվուդի շտաբում «անվտանգության հետ կապված խնդիրներ» են ծագել։ Սպայի նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Մեղադրանքների պատճառով ՆԱՏՕ-ի իսպանացի հրամանատարը հեռացվել է պաշտոնից։ Նրան զրկել են ռազմակայան մուտք գործելու իրավունքից, իսկ 2025 թվականի ամռանը տեղափոխել են այլ վայր և հետ կանչել Իսպանիա։ Այնուամենայնիվ, սպայի նախկին ընկերուհին հերքել է որևէ ապօրինի գործողություն, և որևէ ապացույց չի հայտնաբերվել, որը կհաստատեր, թե նա աշխատել է ռուսական հատուկ ծառայությունների համար։
«Ես հաստատ գիտեմ, որ ռուս լրտես չեմ», – ասել է Ուայթը պարբերականին։
Նրա խոսքով՝ Պորտուգալիայի ռազմակայանում եղած ժամանակ ինքը հասանելիություն չի ունեցել գաղտնի տվյալների կամ օբյեկտների և պարզապես հանգստացել է լողավազանի մոտ։ Կինը նաև պնդել է, որ խտրականության զոհ է դարձել Խորհրդային Միությունում ծնված լինելու պատճառով։ ՆԱՏՕ-ի սպան, որը հեռացվել էր ծառայությունից «35 տարվա օրինակելի և անթերի ծառայությունից» հետո, բողոքել է սոցիալական ու մասնագիտական մեկուսացումից, գործընկերների կողմից ցուցաբերվող սառնությունից և իր երեխաների հանդեպ դրսևորվող թշնամանքից։