Կառավարությունն առաջարկում է Վանաձոր ու Փամբակ համայնքները միավորել ու դարձնել մեկ խոշորացված համայնք: Նախագիծը խորհրդարանում ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Առնակ Ավետիսյանը:
Այս փոփոխությունը դուր չի եկել հատկապես ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանը, որը նախկինում Վանաձորի համայնքապետն էր: Նրա պնդմամբ՝ իշխանությունը համայնքային ընտրություններից առաջ այս փոփոխությունն անում է քաղաքական նկատառումներով:
«Այդ խոշորացման տակ արդյունավետության, կառավարման ու ֆինանսների տեղաբաշխման որևէ չափանիշ, չափելի միավոր գոյություն չունի: Ի դեպ՝ Փամբակը խոշորացել է ու չգիտեմ ինչ հաշվարկներ կան այդ համայնքի արդյունավետության տակ դրված: Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այս կարուձևի պրոցեսը թարգեք ու ընդմիջման ժամանակ, մինչև քվեարկության դնելը աներկբա պահանջում եմ Վանաձորի խոշորացման ծրագիրը հանեք», – իշխող թիմին է դիմել պատգամավորը:
Փոխնախարար Ավետիսյանը, հակադարձելով Ասլանյանին, ասել է. «Ընդդիմադիր պատգամավորների ելույթների մեջ կարմիր թելով գնում է քաղաքական նպատակահարմարության հարցը, որը հանձնաժողովի նիստում էլ ենք մանրամասն քննարկվել: Սպառիչ պատասխաններ տվել ենք, որ քաղաքական նպատակահարմարության դեպքում կգտնեիք համայնքների անուններ, բայց այս նախագծում Ձեր պատկերացրած քաղաքական նպատակահարմարությունը չկա: Քաղաքական նպատակահարմարությունը առավել կայացած ՏԻՄ համակարգ ունենալն է»:
Կառավարությունն առաջարկում է նաև միավորել Արարատ ու Վեդի համայնքները: Այս միավորման դեպքում կենտրոնը կդառնա Արարատը, ինչին դեմ էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը: Վ
եդդիի նախկին համայնքապետը պնդում էր, որ Վեդին դառնա կենտրոնը, որը չի ընդունվել:
Ըստ փոխնախարարի՝ իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ համայնքների միավորմամբ՝ առավել արդյունավետ է դառնում տեղական ինքնակառավարումը:
Օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվել է: