Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը


Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը: «Ի վերջո, մենք դուրս կգանք, եթե որոշում չկայացնենք մնալ և վերցնել նավթը, ինչպես Վենեսուելայում»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ վենեսուելական նավթին հասանելիության շնորհիվ Վաշինգտոնը մի քանի անգամ «փակել է պատերազմի ծախսերը»։


Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին նավթի գները կրկին բարձրացել են: Brent տեսակի նավթի գինը հասել է մեկ բարելի դիմաց 108 դոլարի: Դրան նպաստել է նաև Սաուդյան Արաբիայի 1200 կմ երկարությամբ Արևելք-Արևմուտք խողովակաշարի վրա հարձակումը, որից հետո նավթի մատակարարումները դադարեցվել են: Այս խողովակաշարը ծառայում էր որպես Հորմուզի նեղուցը շրջանցող նավթի մատակարարման գլխավոր երթուղի:


Միևնույն ժամանակ, սեպտեմբերի 13-ին հարվածի տակ է հայտնվել Հորմուզի նեղուցով նավարկող մեկ նավ, որում հրդեհ է բռնկվել, անձնակազմը տարհանվել է: Իրանն էլ հայտարարել է, որ Ղեշմ կղզու մոտ հարձակման է ենթարկվել իր առևտրային նավերից մեկը: Անձնակազմի մեկ անդամ զոհվել է, չորսը՝ վիրավորվել:


Նաև հետաձգվել է Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև Օմանում նախատեսված հանդիպումը: Տարածաշրջանային երկրների արտգործնախարարները պետք է քննարկեին Հորմուզի նեղուցով նավագնացության կազմակերպումը, սակայն Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ բանակցությունները հետաձգվել են՝ «համաձայնության հասնելու շահերից ելնելով»: Իրանական կողմի հաղորդմամբ՝ հանդիպման հետաձգումը խնդրել են տարածաշրջանի որոշ երկրներ:


Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:

Դիտումների քանակ2

Leave a comment