Ծավ բնակավայրում ջրի հարցով հրապարակվել է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագիր, տրվել է կարգադրագիր

Հաշվի առնելով Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի բնակչի դիմումը՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից հրապարակվել է ստուգում իրականացնելու մասին հանձնարարագիր, ինչպես նաև տրվել է կարգադրագիր՝ ջրամատակարարումը դադարեցնելու և բնակչության կենցաղային ու ֆիզիոլոգիական կարիքների համար անհրաժեշտ ջրով ապահովելու վերաբերյալ։

Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև բնակչության առողջության և անվտանգության ապահովման առաջնահերթությամբ պայմանավորված՝ սեպտեմբերի 13-ին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար կազմն այցելել է Սյունիքի մարզ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ միջոցառումները քննարկելու նպատակով։

Միաժամանակ, տեսչական մարմնի Հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ ջրի ախտահանման հետ կապված խնդրի պատճառները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ծավ բնակավայրում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրը հայտնաբերվել է բնակչի ահազանգից հետո։ Ջրի նմուշների լաբորատոր հետազոտությամբ արձանագրվել է սնդիկի պարունակության սահմանային թույլատրելի շեմի գերազանցում։

Հաշվի առնելով արդյունքները՝ իրականացվել են կրկնակի նմուշառումներ, այդ թվում՝ ջրաղբյուրից և բնակիչների ծորակներից։ Մինչև ջրի որակի խնդրի կարգավորումը բնակիչներին հորդորում են չօգտագործել ծորակի ջուրը՝ խմելու և կենցաղային նպատակներով: ՀՀ առողջապահության նախարարը հորդորել է այս ընթացքում խմելու և կենցաղային (սննդի լվացում, պատրաստում, լվացվել) նպատակներով օգտագործել միայն համայնքի կողմից տրամադրվող ջուրը կամ շշալցված տարբերակը:

 

Leave a comment