Սիրիայում բողոքի ցույցեր են՝ վառելիքի գների բարձրացման պատճառով


Սիրիայի մի քանի նահանգում բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գները բարձրացնելու՝ կառավարության որոշման դեմ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Ըստ «Ալ Ջազիրա»-ի՝ դիզելի գինը բարձրացել է 40 տոկոսով, բենզինի գինը՝ 28։


Բողոքի ցույցեր են անցկացրել Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Մարեա և Ալ Բաբ քաղաքների բնակիչները։ Ռաքքայում անվտանգության ուժերը ստիպված են եղել մարել ցուցարարների հրկիզած անվադողերը։ Ցուցարարները նաև փակել են Իդլիբ տանող մայրուղին։


Սիրիայի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ ժամանակավոր է բարձրացնում բենզինի, դիզելային վառելիքի և մյուս նավթամթերքների գները՝ համաշխարհային գների կտրուկ աճի և Բանիյասի վերամշակման գործարանի հիմնանորոգման ֆոնին, ինչն էլ մեծացրել է երկրի կախվածությունը ներմուծումից, հաղորդում է SANA-ն։


Գերատեսչությունը նշել է, որ երկիրն այժմ արդյունահանում է օրական 100000 բարել նավթ, մինչդեռ ներքին սպառման համար օրական հարկավոր է 325000 բարել: Նախարարը միաժամանակ վստահեցրել է, որ գները կվերանայվեն՝ կախված շուկայի պայմանների փոփոխությունից։

Leave a comment