Վերոնշյալ հայտարարությունները անհիմն են. Ռուբինյանը՝ Հաջիևի ասածների մասին


ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հարց ուղղեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ անդրադառնալով մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ մի քանի դիվանագետների հետ ԼՂ այցին, որում նա հայկական մշակութային ժառանգությունը ներկայացնում էր որպես աղվանական:


Գրիգորյանը խնդրեց՝ որպես խորհրդարանական երկրի ԱԺ նախագահ, Ռուբինյանը հայտնի իր դիրքորոշումը կատարվածի վերաբերյալ, և հետաքրքրվեց որքանով են այս քայլերը մոտեցնում խաղաղությանը:


Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ընդգծեց՝ մենք բազմիցս ենք ասել, որ մեր նոր ձեռք բերած խաղաղությունը մշտական խնամքի կարիք ունի: 


«Շատ կարևոր է զգայունություն ձեռք բերել տարբեր հարցերի վերաբերյալ: Ձեր մատնանշած հայտարարությունները, բնականաբար, չեն նպաստում կամ օգտակար չեն խաղաղության համատեքստում, բացի նրանից, որ դրանք նաև անհիմն են: Բայց, մյուս կողմից, լավ է այն փաստը, որ մենք հիմա խաղաղության պայմաններում ենք, և մեր անհամաձայնությունները կամ վեճերը նման հարցերի վերաբերյալ են, այլ ոչ թե արտահայտվում են սահմանային կրակոցներով կամ բախումներով»,- հայտարարեց ԱԺ նախագահը:


Ռուբինյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ իր դիրքորոշումը հստակ էր՝ վերոնշյալ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության խնամքի համատեքստում:


«Սա հստակ դիրքորոշում է»,- խոսքը եզրափակեց ԱԺ նախագահը: 

Leave a comment