Բժիշկը զգուշացրել է ոտքը ոտքին գցած նստելու սովորության վտանգների մասին

Շատերը հարմարավետ և անվնաս են համարում ոտքը ոտքին գցած նստելու սովորությունը, սակայն, ըստ օրթոպեդ-վնասվածքաբան Միխայիլ Իգնատովի, այս դիրքում երկար ժամանակ մնալը կարող է բացասաբար ազդել հենաշարժողական համակարգի և ընդհանուր ինքնազգացողության վրա։

«Երկար ժամանակ ոտքը ոտքին գցած նստելու սովորությունից հրաժարվելու հիմնական պատճառներից մեկը կեցվածքի վրա դրա ունեցած ազդեցությունն է։ Երբ մարդը երկար ժամանակ մնում է այս դիրքում, ողնաշարի առանցքը շեղվում է, և մեջքի մկանների վրա ծանրաբեռնվածությունը մեծանում է։ Այդ մկանները ստիպված են լինում անընդհատ փոխհատուցել այդ շեղումը, ինչը վերջնարդյունքում հանգեցնում է լարվածության և ցավի։ Բացի այդ, սխալ կեցվածքը լրացուցիչ ճնշում է գործադրում միջողնային սկավառակների վրա՝ նպաստելով դրանց վաղաժամ մաշվածությանը և մեծացնելով մեջքի քրոնիկ ցավերի առաջացման վտանգը», – բացատրել է նա։

Ողնաշարի վրա բացասաբար է ազդում ոչ միայն ոտքը ոտքին գցելու սովորությունը. դեր են խաղում նաև այլ տարածված սխալներ, օրինակ՝ կուզիկ նստելը կամ համակարգչով աշխատելիս գլուխը խիստ առաջ թեքելը։ Այս բոլոր սովորությունները մեծացնում են օրթոպեդիկ տարբեր խնդիրների առաջացման ռիսկը։

«Երկարատև նստելու հետ կապված մեկ այլ խնդիր վերաբերում է արյան շրջանառությանը։ Երկար ժամանակ ոտքը ոտքին գցած նստելը կարող է սեղմել արյունատար անոթներն ու նյարդերը, ժամանակավորապես խոչընդոտել երակային արյան հետհոսքը և նպաստել այտուցների առաջացմանը։ Ուսումնասիրությունները նաև ցույց են տալիս, որ այս դիրքը հաճախ հանգեցնում է զարկերակային ճնշման ժամանակավոր բարձրացման։ Երակային խնդիրներ ունեցող մարդկանց դեպքում այս դիրքում երկար մնալը կարող է նպաստել երակային կանգին, ինչը համարվում է թրոմբի առաջացման ռիսկի գործոն», – ընդգծել է բժիշկը։

Ընդհանուր առմամբ, ցանկացած ստատիկ դիրքում երկար մնալը բացասաբար է ազդում երակային համակարգի վրա։ Հետևաբար, կարևոր է պարբերաբար փոխել մարմնի դիրքը և օրվա Շատ ավելի օգտակար է փոխել մարմնի դիրքը և խուսափել երկարատև անշարժ վիճակում մնալուց։

«Երակային արյան շրջանառությունը բարելավելու և վարիկոզը կանխարգելելու համար խորհուրդ է տրվում ավելի շատ քայլել, լողալ, զբաղվել սկանդինավյան քայլքով և մարզասրահում չափավոր վարժություններ կատարել», — խորհուրդ է տվել օրթոպեդը։

Leave a comment