Իրանն ու Օմանը վերջնական համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավարկության շուրջ

Իրանն ու Օմանը երկամսյա ինտենսիվ տեխնիկական և դիվանագիտական բանակցություններից հետո վերջնական համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավարկության նոր երթուղու վերաբերյալ։ Թեհրանի և Մասկատի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում՝ Պարսից ծոցի երկրների արտգործնախարարների, ինչպես նաև Իրաքի ներկայացուցիչների մասնակցությամբ սպասվող հանդիպման ընթացքում։  

Համաձայնագրի շրջանակում հստակեցվել են նեղուցով ելքի և մուտքի նոր երթուղիների մանրամասներն ու տեխնիկական պարամետրերը։ Պարսից ծոց մուտքի, ինչպես նաև ելքի մի հատվածն անցնելու է Իրանի տարածքային ջրերով, և երթևեկությունը կարգավորվելու է իրանական կանոնակարգերով։ Նոր կարգի ուժի մեջ մտնելուց հետո հարավային երթուղին, որի բացման վրա պնդում էր Վաշինգտոնը և որը լարվածության նոր ալիքի պատճառ էր դարձել, փակվելու է։  

Դիվանագիտական աղբյուրները միաժամանակ ընդգծում են, որ այս պայմանավորվածությունը դեռևս չի նշանակում նեղուցի անհապաղ բացում։ Հորմուզի նեղուցը դեռ կմնա արգելափակված, իսկ Իրանի և Օմանի համաձայնությունը նշանակում է միայն այն, որ եթե նեղուցը բացվի, դա տեղի է ունենալու հենց այս պայմանավորվածության հիման վրա, ինչը քայլ է նեղուցի նկատմամբ Թեհրանի ինքնիշխանության հաստատման ճանապարհին։  

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment