Օրերս «#Սաղմոսերգու» և «#Գեղարդ» երգչախմբերը, #ՄխիթարյանՄիաբանության հրավերով և «#Կարապետյան» հիմնադրամի աջակցությամբ, մասնակցեցին Մխիթար Աբբահոր ծննդյան 350-ամյակին նվիրված տոնական արարողություններին՝ առաջին անգամ հենց Սուրբ Պատարագի ընթացքում կատարելով #Կոմիտաս Վարդապետի՝ երկսեռ կազմի համար մշակած Պատարագի երգեցողությունները։
Սուրբ Պատարագին պատիվ ունեցա ներկա լինելու նաև ես։ Օրեր անց՝ արդեն Վատիկանում, որպես Տավուշի թեմի պատգամավորական ժողովի անդամ, Վատիկանի ռադիոյի եթերում զրույց ունեցա Հայկական ծառայության ղեկավար Ռոպէր Աթթարեանի հետ։
Կարճ հարցազրույցի ընթացքում կարևոր համարեցի ընդգծել հայկական հոգևոր ժառանգության պահպանման առաջնահերթությունը։
Քրիստոնյա Հայաստանը եվրոպական և համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության անբաժանելի մասն է և իր աշխարհագրական դիրքով դարեր շարունակ եղել է նրա «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՊԱՀԸ»։ Հետևաբար հայկական եկեղեցիների, խաչքարերի և հոգևոր-մշակութային մյուս ժառանգության պահպանումը չի կարող լինել միայն հայկական խնդիր։ Դա այդ մեծ՝ եվրոպական և համաշխարհային քրիստոնեական ընտանիքի ընդհանուր պատասխանատվության հարցն է։
Այո՛, Արցախի կորստից հետո այդ քրիստոնեական արևելյան սահմանը նահանջեց։ Բայց Արցախում մնացած հայկական վանքերն ու եկեղեցիները պարզապես քարե կառույցներ չեն։ Դրանք այդ հողի վրա քրիստոնեական բազմադարյա ներկայության նյութական վկայություններն են։
Հարցազրույցի պահին թերևս կարելի էր ենթադրել, որ Ադրբեջանը շարունակելու է քայլեր ձեռնարկել այդ վկայությունները վերացնելու, դրանց ինքնությունը փոխելու կամ խեղաթյուրելու ուղղությամբ՝ անգամ Գանձասարին «աղվանական» կամ որևէ այլ ծագում վերագրելու գնով։
Սակայն դժվար էր պատկերացնել, որ նման պատումների ներկայացմանը ներկա կլինեն նաև միջազգային կառույցների և եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ՝ իրենց ներկայությամբ կամ լռությամբ նպաստելով ադրբեջանական հակահայկական, և, ըստ էության, նաև եվրոպական քրիստոնեական ժառանգության դեմ ուղղված պատումների լեգիտիմացմանը։
Մյուս կողմից՝ դժվար է նրանցից ակնկալել մեր ժառանգության պաշտպանության ավելի հստակ դիրքորոշում, եթե Հայաստանի համապատասխան պետական մարմիններն իրենք պատշաճ հետևողականությամբ միջազգային օրակարգ չեն բերում եվրոպացիների՝ նաև իրենց ընդհանուր քրիստոնեական ժառանգության պահպանման մարտահրավերը։
Փոխարենը մեր ԱԳՆ-ն, մշակույթի ոլորտի պատասխանատուները և մյուս պետական մարմինները լռել են ու շարունակում են լռել, երբ ինչպես 2020-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեկը մյուսի հետևից ոչնչացվեցին Ջրականի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին, Հադրութի Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, Շուշիի Կանաչ ժամը, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին, Քաշաթաղի Թանձատափի եկեղեցին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարը և Սուրբ Հակոբ եկեղեցին, ինչպես նաև հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության բազմաթիվ այլ հուշարձաններ։
Եվ հենց այստեղ լռությունն այլևս պարզապես անգործություն չէ։
——————-
Տեղեկություններ Վատիկանի ռադիոյի և Հայկական խմբագրության մասին
Վատիկանի ռադիոն աշխարհի հնագույն միջազգային ռադիոկայաններից է․ այն հիմնադրվել է 1931 թվականին։ Դեռևս 1967 թվականին, ժամանակակից թվային և թարգմանչական տեխնոլոգիաներից տասնամյակներ առաջ, ռադիոն կանոնավոր հաղորդումներ էր հեռարձակում տասնյակ լեզուներով։
Այդ բազմալեզու ընտանիքում իր առանձնահատուկ տեղն ունի նաև Հայկական ծառայությունը, որն արդեն շուրջ վեց տասնամյակ Սուրբ Աթոռի և հայախոս աշխարհի միջև հաղորդակցության կարևոր կամուրջներից է։
Հայկական ծառայության լսարանը միայն Հայաստանը չէ։ Այն հասանելի է աշխարհասփյուռ հայությանը և միաժամանակ միջազգային հարթակում հնարավորություն է տալիս խոսելու հայկական քրիստոնեական ժառանգության, Հայ Առաքելական Եկեղեցու պատմական առաքելության և հայ ժողովրդի հոգևոր ու մշակութային ինքնության մասին։
Հայկական ներկայության ևս մեկ խորհրդանշական դրսևորում է Վատիկանի ռադիոյի շենքում գործող Ավետման մատուռը՝ Cappella dell’Annunciazione-ն։ Այստեղ մատուցվում են Սուրբ Պատարագներ, իսկ հայկական ծեսով մատուցվող Պատարագը Վատիկանի ռադիոյի միջոցով հասնում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ հավատացյալներին։
Լիլիա Շուշանյան