ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտնել է Ադրբեջան կատարած այցի և Հայաստան գալու ծրագրերի մասին

Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտնել է, որ սեպտեմբերի 10-ին Բաքու կատարած այցի ընթացքում հանդիպել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի, Հիքմեթ Հաջիեւի (Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական՝ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար) և Էլչին Ամիրբեկովի (Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ) հետ։

«Մենք քննարկեցինք Եվրոպական միության աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, այդ թվում՝ նախկին հակամարտության հետևանքներին առնչվող հումանիտար խնդիրները, ինչպես նաև փոխկապակցվածությանն ու տարածաշրջանային համագործակցությանն ուղղված ջանքերը»,- գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչն X սոցիալական ցանցում։

«Սեպտեմբերի 11-12-ին ես առաջին անգամ միացա իշխանությունների կողմից դիվանագիտական ​​կորպուսի համար կազմակերպված այցին դեպի Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով»,- նշել է դիվանագետը։

 

Leave a comment