Էրդողանը որդուն նախապատրաստում է որպես իր իրավահաջորդ. Bloomberg

Քաղաքականություն

11.02.2026 | 21:27

Վերջին շրջանում Թուրքիայում ավելի ու ավելի է լուսաբանվում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրտսեր որդու՝ Բիլալ Էրդողանի գործունեությունը։ Թուրքիայի իշխող կուսակցության շարքերում աննկատելիորեն բարձրացվում է իշխանության նախագահի կողմից փոխանցման թեման, և 44-ամյա Բիլալը դիտարկվում է որպես հնարավոր իրավահաջորդ։ Այս մասին գրում է Bloomberg-ը, փոխանցում է Current time-ը։

Լրատվամիջոցի աղբյուրների փոխանցմամբ՝ Բիլալ Էրդողանը ներկայում «անցնում է քաղաքական առաջնորդության ոչ պաշտոնական ուսուցում և իր շուրջն է հավաքում հավատարիմ կողմնակիցների»։ Մասնավորապես, նա ակտիվորեն մասնակցում է թուրքական կառավարության համար բարձրաստիճան պաշտոնյաների ընտրությանը։

Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահական ժամկետն ավարտվում է 2028 թվականին։ Սակայն Bloomberg-ի աղբյուրները  հայտնել են, որ նրա ընտանիքը և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարությունը հետաքրքրված են նրա նախագահական մանդատը ևս հինգ տարով երկարաձգելու հարցում։ Դա հնարավոր կլինի, եթե Թուրքիայի խորհրդարանը նշանակի արտահերթ նախագահական ընտրություններ և որոշ փոփոխություններ կատարի երկրի Սահմանադրության մեջ։

Եթե ​​Էրդողանը վերընտրվի նոր ժամկետով, նրա որդին՝ Բիլալը, կարող է դառնալ փոխնախագահ կամ իշխող կուսակցության նախագահ։

Հունվարի կեսերին The Economist-ը նաև հաղորդել էր, որ Բիլալը դիտարկվում է որպես Թուրքիայի նախագահի հնարավոր իրավահաջորդ։ Միաժամանակ, այն հիշատակել էր այլ թեկնածուների՝ Էրդողանի փեսա Սելջուկ Բայրաքթարի, արտգործնախարար Հաքան Ֆիդանի և նախկին ՆԳՆ նախարար Սուլեյման Սոյլուի անունները։

Հարցված փորձագետները Ֆիդանին համարել էին ամենաուժեղ թեկնածուն, մինչդեռ կասկածներ էին հայտնում Բիլալ Էրդողանի վերաբերյալ՝ նրա ավելի քիչ քաղաքական կշռի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment