Աննա Մաքսիմի «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը մրցանակի է արժանացել Բուլղարիայում
2026 թվականի սեպտեմբերի 11-ին Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը մասնակցել է Սոֆիայի Սուրբ Կիրիլ և Մեթոդիոսի անվան ազգային գրադարանում կայացած «Սլավոնական հեքիաթ» միջազգային կինոփառատոնի 14-րդ մրցանակաբաշխության արարողությանը։
Միջոցառման ընթացքում դեսպան Համբարձումյանը հանդես է եկել ելույթով՝ իր երախտագիտությունը հայտնելով փառատոնի կազմակերպիչներին՝ կինոն որպես ժողովուրդներին և մշակույթներին մերձեցնելու հզոր միջոց խթանելու առաքելության համար։
Նա նաև հարգանքի տուրք է մատուցել փառատոնի հիմնադիր, պրոֆեսոր Դիմիտար Դիմիտրովի հիշատակին՝ ընդգծելով նրա մնայուն գեղարվեստական ժառանգությունն ու փառատոնի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդը։
Դեսպանը հատկապես ողջունել է փառատոնում հայկական կինոյի ներկայացվածությունը և շնորհավորել հայկական «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ստեղծագործական թիմին՝ փառատոնում մրցանակի արժանանալու կապակցությամբ։
Աննա Մաքսիմի կողմից նկարահանված և նրա գլխավոր դերակատարմամբ այս ֆիլմը հիմնված է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հայ մարզուհի Նազիկ Ավդալյանի կյանքի պատմության վրա և ներկայացնում է ծանր ավտովթարից ու ստացած ծանր վնասվածքներից հետո նրա տոկունության և վճռականության բացառիկ ճանապարհը։
Կինոռեժիսոր Աննա Մաքսիմի և ֆիլմի ստեղծագործական թիմի անունից դեսպան Համբարձումյանը մեծ հպարտությամբ ընդունել է «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմին շնորհված մրցանակը։
Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ջերմորեն շնորհավորում է կինոռեժիսոր Աննա Մաքսիմին և «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի ողջ ստեղծագործական թիմին այս արժանի ճանաչման կապակցությամբ և մաղթում հետագա հաջողություններ միջազգային կինոերկխոսության և մշակութային համագործակցության խթանման գործում։
Հայտնում է դեսպանությունը։