Արդեն տեղեկացրել ենք՝ Մոսկվայում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության և Հայաստանի թատերական գործիչների միության աջակցությամբ Արցախի կարևոր մշակութային օջախներից մեկը՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, վերակազմավորվել է Երևանում և շարունակում է գործունեությունը։
2026թ․ ընթացքում Արցախի մայր թատրոնը` գեղարվեստական ղեկավար Ռուզան Խաչատրյանի գլխավորությամբ, արդեն մի քանի անգամ հանդես է եկել երևանյան բեմերում։ Ներկայացումներին թատրոնի հիմնական անձնակազմի հետ խաղացել են նաև հրավիրված դերասաններ։
Սեպտեմբերի 12-ին Երևանում՝ «Դիալոգ» կազմակերպության մշակութային կենտրոնում, «Դիալոգ» ՀԿ նախագահ Յուրի Նավոյանն ու Վ․ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռ․ Խաչատրյանը հանդիպում ունեցան նշված դերասանների հետ։
Յու Նավոյանը ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործունեության մի հատված՝ կապված արցախյան մշակութային մի քանի կառույցների՝ Երևանում իրենց գործունեությունը շարունակելուն։ Տեղեկացրեց՝ անցած տարի է ծանոթացել Ռ․ Խաչատրյանի և դերասան Գագիկ Հարությունյանի հետ, և հպարտությամբ ու սիրով է աջակցում մշակութային կառույցներին և նրանց հետ ճանապարհ անցնում։ Իսկ ճանապարհը կշարունակվի, քանի որ համագործակցությունն անկեղծ է, նվիրում է Արցախի մշակույթին, որն էլ մեծ նպատակ է ու տունդարձի հավատ։
«Հաճելի հոգսի առաջ ենք կանգնած՝ պահել Արցախի թատրոնը», -խոսքը շարունակեց Յուրի Նավոյանը և հյուրերին ծանոթացրեց «Դիալոգ»-ի ներկայացուցիչների հետ։ Ներկա դերասաններին ողջունեց ու համագործակցության համար շնորհակալություն հայտնեց Ռ․ Խաչատրյանը։ Հույս հայտնեց՝ կշարունակվի համատեղ աշխատանքը։ Մուրացանի «Ռուզան» պիեսում, որն արդեն ներկայացվել է Ստեփանակերտի թատերախմբի կողմից, Իշխան Հասան-Ջալալի դերում հանդես է գալիս Հայաստանի վաստակավոր արտիստ Շանթ Հովհաննիսյանը։
Հանդիպման ժամանակ նա նույնպես կարևորեց համագործակցությունը, որ թատրոնը շարունակի գործունեությունը։ Նույն պիեսում թաթարաց զորապետ Ջոլայիի դերակատար Սարգիս Գրիգորյանի համար էլ Ստեփանակերտի թատերախմբի հետ հանդես գալը պատիվ է ու պարտավորություն։ Եղան այլ ելույթներ ևս դերասանների և «Դիալոգ»-ի ներկայացուցիչների (Ելենա Շուվաևա, Գոռ Կարախանյան) կողմից։
Բոլոր դերասաններն էլ նշեցին՝ սիրով են մասնակցում թատերախմբի աշխատանքներին։ Ինչպես բոլոր հանդիպումների ժամանակ, այնպես էլ այս անգամ, Յուրի Նավոյանը «Դիալոգ»-ի աջակցությամբ տպագրված գրքեր նվիրեց հյուրերին։
Վերջում հյուրերին հրավիրեց Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, որտեղ նույն օրը կայացավ դարձյալ «Դիալոգ»-ի հովանավորությամբ վերածնված Ստեփանակերտի «Վարարակն» երգչախմբի համերգին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: