Հասարակություն
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի վերաբերյալ Factor TV-ի հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։
Հիշեցնենք՝ քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին ահազանգում է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան բռնության է ենթարկվել:
Ըստ Թովմասյանի՝ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։
«Իրենք իմ գլուխը սեղմում էին ներքև, որ ես իրենց դեմքը չտեսնայի ու անընդհատ գլխիս էին բոքսով խփում»,- պատմեց Թովմասյանը՝ նշելով, սակայն, որ իր նկատմամբ բռնություն գործադրածների մեջ կան անձինք, որոնց տեսնելու դեպքում կճանաչի:
Վերջինիս պնդմամբ՝ ծեծից հետո իրեն ձեռնաշղթաներով քարշ են տվել դեպի Հրազդանի ոստիկանության բաժանմունք, ինչի հետևանքով թևերն ու ծնկները քերծվել են։
Այնուհետև մոտ 6 ժամ ոստիկանության բաժնում պահելուց հետո, ըստ քաղաքացու, իրեն տեղափոխել են Հրազդանի քննչական, որտեղ քննիչ Մոնիկան (ազգանունը չի հիշում-խմբ․) տեսել է իր վնասվածքները, սակայն դրանց ուշադրություն չի դարձրել, դրանց վերաբերյալ իրեն հարցեր չի տվել: Գործով, որի շրջանակներում քննիչին են ներկայացրել Թովմասյանին, նա վկայի կարգավիճակ է ունեցել:
Մանրամասները և տեսանյութը՝ ստորև․