Իրաքը հետաքննում է Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների արձակումը


Սաուդյան Արաբիան Իրաքի տարածքից արձակված անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո դադարեցրել է տարածաշրջանի կարևորագույն նավթամուղերից մեկի«Արևելք–Արևմուտք»-ի աշխատանքը, որը թույլ է տալիս Էր Ռիադին նավթ տեղափոխել Հորմուզի նեղուցը շրջանցելով: Այս նավթամուղով անցնում է նավթի համաշխարհային ծավալի մինչև 5%-ը ։ 


 


Միջադեպը տեղի է ունեցել Կարմիր ծովի ափի երկայնքով Իրանի կողմից աջակցվող Եմենական հութիների լայնածավալ հարձակման ֆոնին, որոնք ձգտում են վերահսկողության տակ վերցնել Բաբ Էլ Մանդեբի նեղուցը՝ Մերձավոր Արևելքից նավթի տեղափոխման երկրորդ (Հորմուզի նեղուցից հետո) առանցքային երթուղին:


 


Իրաքի իշխանություններն ընդունել են անօդաչուների հարձակման փաստը։ Նրանց տվյալներով՝ դրոններն արձակվել են Մայսան նահանգից, որը սահմանակից է Իրանին։  Անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով պաշտոնից հեռացվել է Իրաքի ռազմական հրամանատարներից մեկը, որը ղեկավարում է այդ նահանգի գործողությունները: Բաղդադում հայտարարել են, որ միջադեպի հետաքննություն են անցկացնում:


 


Սաուդյան Արաբիայի իշխանություններն էլ հայտարարել են, որ դադարեցնում են նավթամուղի աշխատանքը՝ որպես նախազգուշական միջոց:


 


Երկրի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Էր Ռիադը դեռևս մտադիր չէ որևէ պատասխան գործողություն ձեռնարկել և կաջակցի Իրաքի ջանքերին՝ ուղղված ապագայում նման հարձակումների կանխմանը:

Leave a comment