Սևանի թերակղզի–Շողակաթ բնակավայր 40 կմ ճանապարհահատվածում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են Հայաստանի 10 մարզերի և Երևանի՝ մարզային ու քաղաքային փուլերում լավագույն արդյունքներ գրանցած 22 թիմեր՝ ընդհանուր 66 մասնակցով։
Մրցաշարին հետևել և պարգևատրման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ջանիկ Բազեյանը, Հայաստանի հեծանվային մարզաձևերի ֆեդերացիային նախագահ Արա Սադոյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի չեմպիոն Սամուել Սանչեսն ու ներկայացուցիչներ RCS Sports & Events ընկերությունից: Նրանք Հայաստանում են «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքի շրջանակում:
Ողջունելով մրցաշարի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցականներին եզրափակիչ փուլին մասնակցելու և 40 կմ մրցատարածությունը հաղթահարելու կապակցությամբ։ Նախարարն ընդգծել է, որ մրցաշարի անցկացման յուրաքանչյուր հաջորդ տարում նկատելի է մասնակիցների պատրաստվածության մակարդակի աճը։ Նախարարի խոսքով՝ սպորտում հաջողությունը միշտ չէ, որ միանգամից է գրանցվում, և կարևոր է ոչ միայն հաղթանակին պատրաստ լինելը, այլև անհաջողությունից հետո չկոտրվելն ու հաջորդ հնարավորության համար շարունակել աշխատել։
«Այս 40 կիլոմետր տարածությունը հաղթահարելն արդեն իսկ խոսում է ձեր կամքի ուժի, բնավորության և այն հատկությունների մասին, որոնք ձեզ շատ են պետք գալու ոչ միայն հեծանվային սպորտում, այլև կյանքում առաջ գնալու համար։ Մեր նպատակն է մի կողմից խրախուսել սպորտի զարգացումը և երեխաների՝ սպորտով զբաղվելու հնարավորությունները, մյուս կողմից՝ սպորտի միջոցով նրանց մեջ զարգացնել այն հմտություններն ու հատկությունները, որոնք օգտակար են կյանքի ցանկացած իրավիճակում»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։
Ժաննա Անդրեասյանը նաև հույս է հայտնել, որ մրցաշարին մասնակցությունը երեխաների համար կլինի հիշարժան և կոգևորի նրանց ընկերներին ևս ակտիվ կենսակերպ վարել, զբաղվել սպորտով և մասնակցել «ՀՀ վարչապետի գավաթի» շրջանակում անցկացվող տարբեր մրցաշարերին։ Նախարարը հիշեցրել է, որ մրցաշարեր են անցկացվում մի շարք մարզաձևերից՝ լող, սեղանի թենիս, խճուղային վազք, վոլեյբոլ, բասկետբոլ և հեծանվավազք։
Անդրադառնալով մարզական ենթակառուցվածքների զարգացմանը՝ նախարարը նշել է, որ Կառավարության քաղաքականությունն ուղղված է սպորտով զբաղվելու հնարավորությունների ընդլայնմանը և նոր ենթակառուցվածքների ստեղծմանը։ Նա հիշեցրել է՝ Կառավարության նոր ծրագրով նախատեսված է արվեստի և սպորտի 100 դպրոցների կառուցում, վերակառուցում և նոր գույքով հագեցում։
Սամուել Սանչեսն ընդգծել է՝ Հայաստանը հեծանվային սպորտի զարգացման համար անհրաժեշտ մեծ ներուժ ունի։
«Ուրախ եմ գտնվել այստեղ։ Կարծում եմ՝ Հայաստանը հեծանվային սպորտի զարգացման առումով լավ ապագա ունի, քանի որ այստեղ առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները՝ լեռներ, լավ եղանակ և լավ ճանապարհներ։ Այժմ ունեք նաև մեծ իրադարձություն՝ առաջին «Tour of Armenia»-ն։ Վստահ եմ՝ ապագայում այն կարող է դառնալ աշխարհի լավագույն հեծանվային մրցաշարերից մեկը։ Հույս ունեմ՝ կրկին կգամ այստեղ և Հայաստանում կտեսնեմ հեծանվային սպորտի համաշխարհային լավագույն աստղերին»,- ասել է Սամուել Սանչեսը, որը հանդիսանում է Հայաստանում անցկացվող «Tour of Armenia» միջազգային մրցաշարի պաշտոնական դեսպանը։
Անվանի հեծանվորդը պարգևատրել է 10-12-րդ դասարանների պայքարում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին: Այս տարիքային խմբում երրորդ տեղը զբաղեցրել է Արագածոտնի մարզի Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը, երկրորդ տեղը գրավել է Գեղարքունիքի մարզի Լճաշենի Ա. Տերգ-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցը, իսկ հաղթողի կոչմանն արժանացել է Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմը։
7-9-րդ դասարանցիների պայքարում երրորդ տեղը գրավել է Գեղարքունիքի մարզի Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ դպրոցի թիմը, իսկ հաղթողի կոչմանն արժանացել է Արարատի մարզի Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցը։ Այս տարիքային խմբի մրցանակակիրներին պարգևատրել է RCS Sports & Events ընկերության գլխավոր գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան։
Մրցաշարն անցկացվել է երկու տարիքային խմբով։ 7-9-րդ դասարանների տարիքային խմբում յուրաքանչյուր դպրոցի թիմում ընդգրկված են եղել մեկ տղա և մեկ աղջիկ, իսկ 10-12-րդ դասարանների խմբում՝ երկու տղա և երկու աղջիկ։ Մրցաշարի նախնական փուլերին ՀՀ գրեթե 1000 դպրոցի շուրջ 4400 դպրոցական է մասնակցել։ Երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։
Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած դպրոցին կտրամադրվի 4 մլն դրամ, երկրորդ տեղը զբաղեցրածին՝ 2.5 մլն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածին՝ 1.5 մլն դրամ։ Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դպրոցներին հատկացվող մրցանակային գումարները պետք է ուղղվեն մարզական ենթակառուցվածքների բարելավմանը կամ մարզական գույքի ձեռքբերմանը։ Հաղթող թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ 300 հազար դրամ։ Յուրաքանչյուր տարիքային խմբում առաջին տեղը զբաղեցրած թիմի յուրաքանչյուր աշակերտ կստանա 150 հազար դրամ, երկրորդ տեղը զբաղեցրած թիմի յուրաքանչյուր աշակերտ՝ 100 հազար դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրած թիմինը՝ 75 հազար դրամ։
«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է 2021 թվականից։ 2024 թվականից մրցաշարի ձևաչափը փոփոխվել է, և այն անցկացվում է բացառապես դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ՝ նպատակ ունենալով աշակերտների շրջանում խթանել հեծանվային սպորտը, ֆիզիկական ակտիվությունն ու առողջ կենսակերպը։
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: