Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտնում է Կապիտոլիումի բարձունքում սեպտեմբերի 15-ին նախատեսվող միջոցառման մասին։ Այն նվիրված է Արցախի դեմ Ադրբեջանի՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը սանձազերծած ռազմական ագրեսիայի երրորդ տարելիցին։
«Այդ հարձակումը, տասնամսյա շրջափակումից հետո, հանգեցրեց ավելի քան 120 000 էթնիկ հայերի՝ իրենց պատմական հայրենիքից ցեղասպանական բնույթի էթնիկ զտմանը»,-ասվում է հայտարարության մեջ։
«ANCA-ի կողմից կազմակերպված հանրահավաք-միջոցառման շրջանակում ելույթ կունենան ԱՄՆ սենատորներ և Ներկայացուցիչների պալատի անդամներ՝ ընդգծելով ԱՄՆ վճռորոշ դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, հայ պատանդների անհապաղ ազատ արձակումն ապահովելու, Արցախի ցեղասպանությունը վերապրածներին օգնություն տրամադրելու և հայերի՝ Արցախ անվտանգ վերադարձին աջակցելու հարցերում։
Կապիտոլիումում կայանալիք միջոցառումը կեզրափակի ANCA-ի արևելյան և արևմտյան շրջանային կառույցների կողմից կազմակերպված երկօրյա քարոզչական այցը, որի շրջանակում ԱՄՆ երեսուն նահանգներից մայրաքաղաք կժամանեն ավելի քան 100 մասնաճյուղի ղեկավարներ և ակտիվիստներ, որոնց մասնակցությամբ միջոցառումներն ուղղված կլինեն Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների դատապարտմանն ու արդարության հաստատմանը, Հայաստանի անվտանգության ու ինքնիշխանության ապահովմանը»։