Իսրայելական զորքերի դուրսբերումը հարավային շրջաններից և տեղահանված անձանց վերադարձն ազգային առաջնահերթություն են ամբողջ Լիբանանի համար։ Այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը, որն այցելել է հարավային Նաբաթիե քաղաք և հանդիպել տեղի բնակիչների հետ, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք ներկայումս նոր բանակցություններ չենք վարում Իսրայելի հետ և պահանջում ենք դուրս բերել նրա զորքերը, վերադարձնել գերիներին և տեղահանվածներին»,- նշել է նա և հավելել, որ Լիբանանն աշխատում է ավերված քաղաքները վերականգնելու ուղղությամբ։
Նախագահը շեշտել է, որ իր ժամանումը Նաբաթիե վկայում է իշխանությունների հաստատակամ մտադրության մասին՝ կատարելու իրենց պարտավորությունները քաղաքացիների հանդեպ։
Աունն ընդգծել է, որ իշխանությունները լսել են Նաբաթիեի, Տիրի և Արաբ Սալիմի բնակչության օգնության կոչերը:
«Մենք չենք կարող անտարբեր մնալ և կանենք ամեն ինչ՝ ձեզ աջակցելու և ձեր դիմադրողականությունն ապահովելու համար», – հավաստիացրել է նա։