ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Օրվա իշխանությունը գտել է նոր թիրախ․ աշակերտների գրագիտության ցածր ցուցանիշների համար մեղավոր են ուսուցիչներն ու տնօրենները։
Օրերս հայտնի դարձավ, որ հայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանում։ PISA-ի արդյունքներով՝ աշակերտների ընդամենը 1%-ն է մաթեմատիկայից լավագույն արդյունք ցուցաբերել, իսկ բնագիտության և ընթերցանության ոլորտներում ցուցանիշներն առավել մտահոգիչ են։
Բայց արի ու տես, որ ինչպես ցանկացած ոլորտի ձախողման, այնպես էլ այս դեպքում մեղավոր են բոլորը, բացի իշխանություններից։ Վարչապետի աթոռը զբաղեցնողը կառավարության նիստում ձայնալարերի ողջ ուժով թիրախավորեց ուսուցիչներին ու տնօրեններին՝ վերջիններիս մեղադրելով տգիտության մեջ։ Ավելին, հրահանգ իջեցրեց․ «տգետ տնօրենները պետք է հանվեն աշխատանքից»։
ԿԳՄՍ նախարարն անդրադառնալով այս խայտառակ ցուցանիշներին՝ իրավիճակը պայմանավորում է հին չափորոշիչներով։ Կրթության ոլորտի փորձագետները հակադարձում են․ PISA-ի ցածր արդյունքները միայն չափորոշիչներով պայմանավորելը ճիշտ չէ։
Բացի այդ, մոտ 295 դպրոցից շուրջ 7000 աշակերտի մասնակցությամբ անցկացված թեստն իրականացվել է 15 տարեկանների շրջանում։ Այս աշակերտները, ի դեպ, դպրոց սկսել են հաճախել այս իշխանությունների օրոք։ հետևաբար, այս հարցն էլ «նախկինների» վրա բարդել չի հաջողվի։
Այլ իրականության մեջ ոլորտի պատասխանատուները ոչ թե կմեկնաբանեին իրավիճակը, այլ ամոթից հրաժարական կտային։
Այն, որ Հայաստանն այս ցուցանիշներով զիջում է հարևան երկրներին, պետք է ընդունել որպես լուրջ ահազանգ կրթության ոլորտի վիճակի վերաբերյալ։
Բայց այդ ձախողման մեջ դպրոցական անձնակազմին մեղադրելը, թիրախավորելը, տգետ անվանելը ոչ միայն անարդար է, այլև անթույլատրելի։
Կրթության ոլորտում առկա խնդիրների պատասխանատվությունը պետք է փնտրել ոչ թե տնօրենների ու ուսուցիչների, այլ ոլորտը տարիներ շարունակ ղեկավարող և քաղաքականություն մշակող իշխանության մակարդակում»։