Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը

Լեհաստանի Կրակով քաղաքում զանգվածային հրաձգություն իրականացնելու մեջ կասկածվող տղամարդու բնակարանում հայտնաբերված երեք դիերը պատկանում են նրա ծնողներին և քրոջը։ Այս մասին կիրակի՝ նոյեմբերի 8-ի առավոտյան, հայտնել է Սվետոկշիսկի վոյեվոդության ոստիկանությունը։

Զոհերը 53-ամյա տղամարդ են և 52 ու 21 տարեկան երկու կին։ Նրանց մարմինների վրա հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ։ Օստրովեց Սվետոկշիսկի քաղաքում գտնվող բնակարանից առգրավվել է յոթ միավոր զենք։ Խուզարկությունները շարունակվում են։

«Մեր գործողությունները չեն սահմանափակվում միայն այն բնակարանով, որտեղ հայտնաբերվել են դիերը։ Խուզարկությունները շարունակվում են»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Հարձակումը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ ժամը 15։00-ի սահմաններում։ Օստրովեց Սվետոկշիսկի քաղաքի 24-ամյա բնակիչն ավտոմեքենայով մուտք է գործել Կրակովի Գլխավոր շուկայի հրապարակ և կրակ բացել անցորդների ուղղությամբ։

Զոհվել է վեց մարդ՝ չորս կին և երկու տղամարդ։ Ոստիկանության տվյալներով՝ ինքնությունը պարզված զոհերի թվում են Մեծ Բրիտանիայի մեկ և Լեհաստանի երեք քաղաքացի։

Վիրավորվել է 16 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան և հարձակումն իրականացրած անձը։ Վիրավորների թվում կա նաև Ռուսաստանի քաղաքացի։

Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին հայտարարել է, որ հարձակվողը, ամենայն հավանականությամբ, գործել է միայնակ, ունեցել է «խիստ արմատական հայացքներ» և հետաքրքրված է եղել ծայրահեղ աջ գաղափարախոսություններով։

Նախարարի խոսքով՝ տղամարդը կրակել է ավտոմատ զենքից, իսկ նրա մեքենայում հայտնաբերվել են ևս մի քանի միավոր զենք։ Կերվինսկին չի բացառել, որ կասկածյալը կարող էր վերցրած լինել հոր զենքը։

Ձերբակալվածին դեռ մեղադրանք չի առաջադրվել։ Նա գտնվում է հիվանդանոցում, իսկ դատախազությունը նախատեսում է առաջիկա օրերին հարցաքննել նրան։

Լեհաստանում նոյեմբերի 8-ը և 9-ը հայտարարվել են համազգային սգո օրեր։

Leave a comment