Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի՝ «ՍԴ գործ» անունն ստացած դատական նիստն այսօր չկայացավ պաշտպան Ռուբեն Մելիքյանի առողջական վիճակով պայմանավորված։ Փաստաբանը դատարանին այդ մասին գրավոր տեղյակ էր պահել նախապես։
Օգտվելով առիթից՝ Aravot.am-ը պարոն Ղազարյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում են իրավապահ մարմիններին նրա հանձնված հանցագործության մասին հաղորդումները՝ կապված քաղաքացիների ընդունելության շրջանակներում ԱԺ իշխող խմբակցության պատգամավորների՝ սահմանված կարգով իրեն ընդունելության արժանացնելուց հրաժարվելու հետ կապված։
«Ես հայտնել եմ, որ բոլոր դեպքերում ամեն մի չկայացած հանդիպումից հետո հաղորդում եմ տվել հանցագործության մասին։ Քննիչները առանց բացառության այդ հաղորդումների հիման վրա քրեական վարույթ չեն նախաձեռնել։ Հետո ես քննիչների որոշումները բողոքարկել եմ դատախազություն, մասնավորապես՝ Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն։ Դատախազները առանց բացառության մերժել են իմ բողոքները։ Եվ հետո ես դիմել եմ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
Եթե չեմ սխալվում, հիմա կարող է ճիշտ թիվը չասեմ, մոտավորապես 25 հայց եմ ներկայացրել այդ միջդատական ակտերի դեմ։ Եվ հիմա կա այնպիսի իրավիճակ, որ արդեն առաջին ատյանի դատարաններում համատարած հաղթում եմ։ Այսինքն, դատարանը, ընդ որում՝ տարբեր կազմերով, կայացնում է որոշումներ, որոնք բավարարում են իմ բողոքները և պարտավորեցնում են վարույթ իրականացնող մարմնին՝ նախաձեռնել քրեական վարույթ։
Բայց անգամ այդ պայմաններում քննիչն ու դատախազը ոչ թե վարույթ են նախաձեռնում, այլ սկսում են բողոքարկել վերաքննիչ դատարան և պարտվում են։ Վերաքննիչ դատարանում ես արդեն ունեմ երեք շահած դատ՝ իմ կամ դատախազության բողոքների հիման վրա։ Մեկով իրենք արդեն դիմել են վճռաբեկ դատարան։ Այսինքն, դատախազությունը մինչև վերջ համառություն է ցուցաբերում վարույթ չնախաձեռնելու հարցում, քան դատարանի որոշումը կատարելու։ Իսկ դատարանն իրեն ասել է՝ վերականգնիր մարդու օրինական իրավունքները։ Եվ փոխանակ դատարանի որոշումը կատարելու, իրենք մտածում են բողոքարկելու մասին։
Մի դեպք է եղել, որ վարույթ են նախաձեռնել, և վարույթ նախաձեռնելու հաջորդ օրը որոշում են կայացրել դա ավարտելու մասին։ Ես, բնականաբար, ներկայացրել եմ միջնորդություններ՝ ինը միջնորդություն։ Ինն էլ մերժել են։ Ինն էլ բողոքարկել եմ դատախազին՝ ինն էլ մերժել է։ Ինն էլ բողոքարկել եմ դատարան։ Ունեմ շահած դատ նաև այդ մասով։ Բայց այդ ընթացքում՝ գործերը դատարանում ընթանում են, քննիչը որոշում է կայացնում կարճելու մասին։ Բնականաբար, դա էլ է բողոքարկվել։ Այսինքն, ճար չունեն․ հանցանք է տեղի ունեցել, և այդ հանցանքը պետք է ստանա իրավական գնահատական։
Անունների մի լավ խմբակցություն կա պայուսակիս մեջ։ Իրենք ֆիզիկապես այստեղ չեն, բայց իրենց անունները՝ շահած դատերով, իմ պայուսակի մեջ են։ Եվ ես հետևողական զբաղվելու եմ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ԱԺ ինչ գեղեցիկ նիստ կլինի, երբ որ գլխավոր դատախազը, ի վերջո, գնա ԱԺ և միանգամից 24 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ հանդես գա։
Փաստացի, եթե նրանք միանան իմպիչմենթի գործընթացին, և իրենց ճակատագիրը կարող է դրական լուծում ստանալ, և երկրի։ Ի դեպ, ես առաջարկել եմ և հիմա էլ այդ պատգամավորներին առաջարկում եմ․ նրանք, ովքեր վաղը կգնան Հայկ Մամիջանյանի մոտ և կստորագրեն իմպիչմենթի նախաձեռնության տակ, ես իմ հայցերը հետ կվերցնեմ»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: