Հարութ Սասունյան. Եթե որեւէ մեկն ուզում է ՀՀ քաղաքացի լինել, Հայաստանի կառավարությունը պետք է քաջալերի. «Հրապարակ»

«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ այն, ինչ հայկական է, հեռացնեն հայրենիքից, լինեն դա ազգային սիմվոլները, լինի Արցախը, լինեն Հայաստանի հողատարածքներն ու Հայաստանի քաղաքացիները, որոնք Հայաստանից դուրս են ապրում, լինեն սփյուռքահայերը: Սա համատարած մի կեցվածք է, ամեն ինչ անում են, որ օտարեն մեր ժողովրդին իր հայրենիքից, անկախ նրանից՝ սփյուռքից են նրանք, թե Հայաստանից»,- ասում է The California Courier թերթի հիմնադիր խմբագիր Հարութ Սասունյանը` մեկնաբանելով ՀՀ կառավարության մտադրությունը` 5-10 անգամ բարձրացնելու ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար սահմանված պետական տուրքերը: Ինչպես հայտնի է, այդ օրենսդրական փոփոխությունների նախագիծն արդեն ներկայացված է հանրային քննարկման: Մենք Հարութ Սասունյանի հետ զրուցեցինք այս թեմայի շուրջ:

– Այս նոր կարգավորումներով, երբ սփյուռքահայից պահանջում են Հայաստանում ապրելու ստաժ ու մեծ տուրքեր (քաղաքացիություն ստանալը 50 հազար դրամից դառնալու է 250 հազար, քաղաքացիության դադարեցումը՝ 150 հազարից` 1 մլն 500 հազար), տպավորություն է, թե իշխանությունը փակում է հայրենիքի դռները։ Սա սփյուռքին պետությունից կտրելու միտումնավոր քա՞յլ է, թե՞ քաղաքական վախեր: Ինչո՞ւ է կառավարությունն այսպիսի արգելքներ հորինում սփյուռքի հայերի համար։

– Դուք տեսաք հունիսի 7-ի ընտրություններից առաջ, որ Հայաստանի քաղաքացիներին, որոնք գալիս էին Հայաստան՝ ընտրությանը մասնակցելու, որոնց մեկ մասը, եթե ոչ մեծ մասը, ապրում է Մոսկվայում, չէին թողնում, որ գան ու քվեարկեն՝ ասելով, որ պետք է նախ զինվորական վարժության գնան: Բայց դա պատճառաբանություն էր, որպեսզի չթողնեին, որ ընտրեն, մինչդեռ քաղաքացու տարրական իրավունքն է ժողովրդավար երկրում, որ իր քվեարկելու իրավունքն օգտագործի: Առանց ամաչելու, Փաշինյանն ամեն օր խոսում է ժողովրդավարության մասին, մինչդեռ նա ժողովրդավարությունից շատ հեռու մարդ է, ավելին՝ բռնապետ է: Ամեն որոշումները պետության բոլոր նախարարությունների, ԱԺ-ի, նախագահի, դատարանների փոխարեն ինքն է ընդունում, միանձնյա: Այս մարդն ինչ ուզում է, անում է, որովհետեւ ունի իշխանության լծակներ, անսահման միջոցներ, որոնք պատկանում են ժողովրդին, ոչ թե իրեն, ունի հազարավոր ոստիկաններ, որոնց հավատարմությունն իր հանդեպ պահպանելու համար բոնուսներ է տալիս:

– Տեսեք, նոր կարգավորումներով՝ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ ազգությամբ հայ անձը՝ ՀՀ-ում բնակություն հաստատելու պահից, իսկ այդ պահը համարվում է առնվազն 366 օր փաստացի գտնվելը: Այսինքն, ազգությամբ հայն այսքան պետք է բնակվի Հայաստանում, որ նոր ստանա քաղաքացիություն։ Սա ինչպե՞ս կգնահատեք:

– Սա անիմաստ մի բան է: Եթե որեւէ մեկն ուզում է ՀՀ քաղաքացի լինել, Հայաստանի կառավարությունը պետք է քաջալերի, անկախ նրանից՝ այդ մարդն ապրո՞ւմ է Հայաստանում, թե՞ ոչ, որովհետեւ այդ փաստաթուղթը՝ ՀՀ անձնագիրը, որ ես ունեմ, մեծ սիմվոլիկ արժեք ունի: Այդ թուղթը քեզ կապում է քո հայրենիքի հետ, զգում ես, որ քո հայրենիքի մասն ես, անկախ, թե ուր ես ապրում:

– Նոր կարգավորումների ֆինանսական մասի վերաբերյալ ի՞նչ կասեք: Այդքան բարձր տուրքեր դնելու նպատակը ո՞րն է․ 250 հազար՝ քաղաքացիություն ստանալու, 1,5 մլն` հրաժարվելու:

– Հայտնի է, որ պետությունը փորձում է նոր եկամուտների աղբյուրներ գտնել, դա է նրանց դարդը, որեւէ առիթ, որ գտնում են այդ փողերը հավաքելու համար, անկախ, թե ումից են հավաքում՝ սփյուռքահայից, թե հայաստանցուց: Այստեղ մի հսկայական նյութ էլ կա, որ շատերը չեն թափանցել: Երբ ասում են, որ քաղաքացիությունից հրաժարվելը 1,5 մլն դրամ է, նախ՝ այն քաղաքացիները, որոնք մեկնել են Հայաստանից, ի՞նչ պատճառ ունեն, որ 1,5 մլն դրամ տան, որ հրաժարվեն: Եթե մարդն արդեն տեղափոխվել է ու ապրում է, ասենք, Լոս Անջելեսում, ինչո՞ւ նա պետք է 1,5 մլն դրամ տա ու հրաժարվի քաղաքացիությունից: Պետությունը կարող է այդ անձնագիրն ուղղակի չնշել, անտեսել, դա պետության գործն է: Բայց կա մի խոր հարց. ԱՄՆ կառավարությունը վերջին ամիսներին խոսում է երկքաղաքացիությունն արգելելու մասին: ԱՄՆ-ում կա մոտ 300 հազար ՀՀ քաղաքացի:

Եթե վաղը Թրամփը, որը հազար ու մի անիմաստ բաներ է անում, որոշի, որ որեւէ մեկը չպետք է երկքաղաքացի լինի, ապա մենք ունենք ԱՄՆ-ում մի քանի հարյուր հազար երկքաղաքացիներ: Եվ եթե այդ նոր օրենքն ընդունվի ԱՄՆ-ի կողմից, ամերիկյան կառավարությունը կդիմի օտար երկրներին, ներառյալ՝ Հայաստանին, ու կխնդրի, որ իրեն ուղարկի բոլոր երկքաղաքացիների ցուցակը: Այդ դեպքում կպահանջվի, որ մարդը փաստաթղթավորի քաղաքացիությունից հրաժարվելը: Այդ ժամանակ մի քանի հարյուր հազար հայաստանցի պարտավոր կլինի՝ յուրաքանչյուրը 1,5 մլն դրամ վճարել՝ մոտ 4 հազար դոլար, ու մի քանի մլրդ դոլար կստանա Հայաստանի պետությունը: Սա հսկայական եկամուտ է Հայաստանի կառավարության համար, որը ջրի պես փող է ծախսում, բոնուսներ է տալիս՝ պարգեւավճարներ, ու հիմա էլ գտել է եկամտի նոր աղբյուր՝ քաղաքացիությունից հրաժարվողների հաշվին: ԱՄՆ-ից զատ, ՀՀ քաղաքացիների ավելի մեծ համայնքը Ռուսաստանում է: Ու եթե վաղը Ռուսաստան-Հայաստան հարաբերություններն ավելի վատանան, Պուտինը կարող է ինքն էլ մի օրենք հանել, որով կարգելի ՌԴ-ում երկքաղաքացի լինելը: Այդ դեպքում ՌԴ-ի հայերը՝ մոտ 2 մլն քաղաքացի, պարտավոր կլինեն Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու: 2 մլն ՀՀ քաղաքացի, ամեն մեկը՝ 4 հազար դոլար, 8 մլրդ դոլար է ստացվում, ու սա մեծ պրոբլեմ կլինի հայության համար: 21-րդ դարում ենք ապրում, մարդիկ մի տուն ունեն Ֆրանսիայում, մի տուն՝ Լիբանանում, Կանադայում, մի քանի ամիս մնում են Հայաստան, մի քանի ամիս՝ այստեղ, եւ այս դարաշրջանում ոչ մի իմաստ չկա՝ պարտադրել մարդուն, որ նա մնայուն կերպով նույն տեղում ապրի:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment