Նախարար․ Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ

Հայաստանում նոյեմբերից ներդրվող նոր սերնդի կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ, իսկ կեղծիքների հնարավորությունը կհասցվի գրեթե զրոյի, հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նույնացումն ապահովվելու է անձնագրում տեղադրված անտեսանելի նոր սերնդի չիպով, որը լինելու է փոխճանաչելի ամբողջ աշխարհում:

Այժմ գործող առանց էլեկտրոնային կրիչի կամ հին նմուշի կրիչով անձնագրերը եվրոպացի սահմանապահները ստիպված են լինում ստուգել և ուսումնասիրել ձեռքով, ինչի պատճառով կեղծիքների հավանականությունը համեմատաբար մեծ է:

Ըստ նախարարի, նոր համակարգի ներդրումը գնահատվում է որպես ՀՀ համար ռազմավարական կարևորություն ունեցող քայլ: Մանրամասների վերաբերյալ առաջիկայում կներկայացվեն հանգամանալից պարզաբանումներ։

2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը:

Leave a comment