Փեզեշքիան․ ԲՐԻԿՍ-ի երկրների միջև ազգային արժույթների կիրառման ընդլայնումը կարևոր է

Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը կարևոր քայլ է անվանել ԲՐԻԿՍ-ի երկրների միջև առևտրում ազգային արժույթների կիրառման ընդլայնումը։

«Այս քայլը պետք է լրացվի անհրաժեշտ գործիքակազմի ստեղծմամբ՝ ռիսկերին դիմակայելու համար»,-ասել է նա՝ ելույթ ունենալով ԲՐԻԿՍ-ի գործարար ֆորումում։

Նրա խոսքով՝ ընթացիկ ֆինանսական համակարգը խոցելի է քաղաքական ցնցումների առջև։

Իրանն առաջարկում է ԲՐԻԿՍ-ի շրջանակում ստեղծել համատեղ վերապահովագրական ընկերություն՝ 10 միլիարդ դոլար նախնական կապիտալով` խոշոր ենթակառուցվածքային և էներգետիկ նախագծերի ռիսկերն ապահովագրելու համար։

«Ստեղծելով կայուն պոտենցիալ իր անդամների և գլոբալ Հարավի երկրների տնտեսությունների համար՝ ԲՐԻԿՍ-ը պետք է ձևավորի մի միջավայր, որտեղ ոչ մի երկիր չի կարողանա ֆինանսական գործիքների կամ տեխնոլոգիաների մենաշնորհի միջոցով խանգարել մյուսին օրինական առևտուր վարել»,- ասել է Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ի գործարար ֆորումի ժամանակ իր ելույթում։

Նա նաև նշել է, որ Իրանը, ունենալով ձեռնտու աշխարհագրական դիրք և էներգետիկ ռեսուրսներ, պատրաստ է դառնալ ԲՐԻԿՍ-ի տնտեսական համակարգի կարևոր օղակներից մեկը և աշխատել ավելի բաց ու կայուն տնտեսություն ստեղծելու ուղղությամբ։

ԲՐԻԿՍ-ը միջպետական միավորում է, որը 2006 թվականին ստեղծել են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Բրազիլիան, իսկ 2011 թվականին դրան միացել է ՀԱՀ-ը։ 2024 թվականի սկզբից ԲՐԻԿՍ-ին միացել են ևս մի շարք երկրներ։ 2026 թվականին ԲՐԻԿՍ-ում նախագահում է Հնդկաստանը։

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-13-ը Նյու Դելիում։

Sputnik Արմենիա

Leave a comment