Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը գրում է.
«Պետք է մի պարզ բան հասկանալ․ եթե նույնիսկ իշխանությունը սկսի փողոցներում զանգվածային գնդակահարել իր պրոթուրքական քաղաքականությանը դեմ արտահայտվող հայերին, այսպես կոչված «միջազգային հանրությունը» կարող է նույնիսկ չնկատել և Փաշինյանի իշխանության հասցեին ոչ մի քննադատական ծպտուն չարտաբերել։
Նայեք այն մարդկանց, ովքեր այսօր գտնվում են բանտերում կամ տնային կալանքի տակ։ Իրո՞ք կարծում եք, որ Եվրոպան, որն ինչ-ինչ պատճառներով իրեն անվանում է «ժողովրդավարության և մարդու իրավունքների օրրան», նույնիսկ աչքի պոչով չի նկատում այն բռնապետական աբսուրդը, որին մենք Հայաստանում ամեն օր ականատես ենք լինում։
Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն անգամ մատը մատին չեն խփի՝ Հայաստանում այսպես կոչված «մարդու իրավունքները» պաշտպանելու համար։ Եվ ոչ թե այն պատճառով, որ նրանք վատն են։ Այլ այն պատճառով, որ առաջին հերթին նրանք պաշտպանում են իրենց շահերը։ Իսկ այսօր, դատելով ամեն ինչից, նրանց շահերից է բխում Փաշինյանի ցանկացած, ընդգծում եմ՝ ցանկացած հակահայկական նախաձեռնության պաշտպանությունը։
Որովհետև Փաշինյանը ստանում է իր իսկ իշխանության պաշտպանությունը, իսկ նրանք Փաշինյանից ստանում են մեր երկիրը՝ առանց չափազանցության։
Հենց սա էլ պետք է հասկանալ, նախքան հերթական անգամ «ժողովրդավարության», «եվրոպական արժեքների» և «մարդու իրավունքների պաշտպանության» մասին հնչող ոգևորիչ հայտարարություններին հավատալը»։