Ռոբերտ Աբիսողոմոնյանը ԵԱՀԿ ֆորումում ներկայացրել է COP17-ի Հայաստանի նախագահության տեսլականը


Սեպտեմբերի 10-ին Պրահայում՝ ԵԱՀԿ 32-րդ տնտեսական և բնապահպանական ֆորումի եզրափակիչ հանդիպման շրջանակում, ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և հիմնական ելույթով հանդես է եկել «Գիտության դերը դիվանագիտության մեջ» խորագրով նիստին։


 


 


ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալն իր ելույթում ներկայացրել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Հայաստանի նախագահության հիմնական առաջնահերթություններն ու տեսլականը՝ անդրադառնալով գիտության և դիվանագիտության փոխլրացնող դերին գլոբալ բնապահպանական մարտահրավերների հասցեագրման գործում։


 


Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է գիտական տվյալների և փորձագիտական գիտելիքի կարևորությունը կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքականությունների մշակման և որոշումների կայացման գործընթացներում՝ նշելով, որ գիտությունը կարող է նպաստել ինչպես առկա և ձևավորվող ռիսկերի առավել խորքային գնահատմանը, այնպես էլ դրանց կանխատեսմանն ու արդյունավետ արձագանքների մշակմանը։ 


 


Անդրադառնալով COP17-ի նախապատրաստական գործընթացին՝ ԱԳՄԱ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի նախագահության որդեգրած ներառական մոտեցումը՝ ուղղված կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական և ակադեմիական շրջանակների, քաղաքացիական հասարակության, երիտասարդության, կանանց, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների, ինչպես նաև մասնավոր հատվածի լիարժեք և բովանդակալից ներգրավվածությանը:


 


Ներկայացնելով COP17-ի շրջանակներում նախատեսված միջոցառումները` Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է «Առաջնորդները՝ հանուն բնության» խորագրով Առաջնորդների գագաթնաժողովին, որի արդյունքներով նախատեսվում է ընդունել «Գործողությունների երևանյան կոչ» քաղաքական հռչակագիրը՝ վերահաստատելով կենսաբազմազանության առանցքային դերը կայուն զարգացման, պարենային անվտանգության, կլիմայական դիմակայունության և բարեկեցության ապահովման գործում։


 


Նախարարի տեղակալն ընդգծել է նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և թիրախների իրականացման ուղղությամբ հավաքական առաջընթացի առաջին Գլոբալ վերանայման կարևորությունը։ Նշվել է, որ վերանայումը հնարավորություն կտա գնահատելու արձանագրված առաջընթացը և բացահայտելու առկա բացերը, ինչպես նաև նախանշելու առավել ջանքեր պահանջող ուղղությունները:


 


Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև COP17-ի շրջանակում Հայաստանի նախաձեռնություններին, որոնք միտված են բնապահպանական դրական խթանների ընդլայնմանը, տարածքային պահպանության արդյունավետ միջոցների շուրջ փորձի փոխանակման խթանմանը, նոր տեխնոլոգիաների միջոցով կենսաբազմազանության մոնիթորինգի համակարգերի զարգացմանը, ինչպես նաև լեռնային և քաղցրահամ էկոհամակարգերի պահպանության ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը։


 


Եզրափակելով՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ մասնակից պետությունների և միջազգային գործընկերների հետ՝ Երևանում COP17-ի շրջանակում հավակնոտ, ապագային միտված և գործնական արդյունքների ապահովման նպատակով։

Դիտումների քանակ5

Leave a comment