Մինչև 2018 թվականը Հայաստանում կային բազմաթիվ թերություններ, սակայն այն, ինչ տեղի է ունենում հիմա, դրա հետ որևէ համեմատություն ունենալ չի կարող։ Այս մասին սեպտեմբերի 11-ին, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի «Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում․ 2026 թվականի հունիս-հուլիս» փաստագիտական զեկույցի ներկայացման ժամանակ, հայտնել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Նրա խոսքով՝ այս խախտումներն արդեն իսկ կրում են համատարած բնույթ։
«Ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է դիկտատուրա՝ մեկ մարդու իշխանություն»,- ասել է քաղաքագետը։
Նա հայտնել է, որ զեկույցը համացանցում հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով։
«Փաստաթուղթն ուղարկվել է բոլոր դեսպանատներ, միջազգային կառույցներ և հայկական լրատվամիջոցներ… Մենք մշտապես լսում ենք, որ 2018 թվականից Հայաստանը դարձել է ժողովրդավարության մի տեսակ կղզյակ, որ հանրապետությունում գործում է օրենքի գերակայություն, ամրապնդվում է ինքնիշխանությունը, և որ մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունենք։ Հետաքրքիր կլիներ համեմատել, թե իրավական տեսանկյունից ինչպիսին էր իրավիճակը մինչև 2018 թվականը և 2018 թվականից հետո։ Ակնհայտ է, որ այժմ խախտումները կրում են համատարած բնույթ»,- հայտնել է Դանիելյանը։