Պարտությունն անտեր է, հաղթանակի տերերը բազում են. Սերոբ Խաչատրյան

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ՖԲ գրառումը.

Պարտությունն անտեր է, հաղթանակի տերերը բազում են։ Հայաստանը PISA ստուգատեսում հայտնվել է հետնապահ երկրների ցանկում, և ոչ ոք չի ստանձնում պատասխանատվություն։ Մեղավոր են կարգվում նախկինները, տնօրենները, ուսուցիչները, ծնողները։ Որպես ուսուցիչ, դասախոս՝ ես ընդունում եմ մեղքի իմ բաժինը։ Ամոթ բան չկա։

Ես ավելի շատ տգետ եմ, քան ամենագետ։

Բայց գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ 2023թ.-ին Հայաստանի 4-րդ դասարանցիները, որոնք սովորել էին հին չափորոշիչներով, TIMSS միջազգային ստուգատեսում Մաթեմատիկայից արձանագրել են 15 միավորի աճ (513 միավոր) և Ֆրանսիային հավասար արդյունք ցույց տվել։ Բնագիտությունից 9 միավորի անկում կար (456 միավոր)։ Բայց Բնագիտության պարագայում լավ բան էլ կար։ Նվազել էր անբավարար արդյունքներ ունեցող սովորողների թիվը։

Միջազգային այս ստուգատեսի պատմության մեջ Հայաստանի դպրոցականներն առաջին անգամ գերազանցել էին 500 միավորի շեմը։ Արդյո՞ք, TIMSS-ի Մաթեմատիկայի արդյունքը բարելավելու համար Հայաստանի դպրոցների տնօրենները, ուսուցիչները, հին չափորոշիչ գրողները 2 տարի առաջ շնորհակալական նամակներ ստացել են։

Ուզում եմ նաև ասել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում PISA-ին, բայց PISA-ն առաջին միջազգային ստուգատեսը չէ, որին մասնակցում է Հայաստանը։ Սա գրում եմ, քանի որ շրջանառվում է տեսակետ, թե նախկինները վախեցել են մասնակցել միջազգային ստուգատեսներին։

2003թ-ից Հայաստանի 4-րդ և 8-րդ դասարանցիները մասնակցում են Մաթեմատիկա և Բնագիտություն առարկաներից անցկացվող TIMSS ստուգատեսին և հիմնականում միջակ արդյունքներ են ցույց տալիս։ Միայն 2007-ին ենք բարձր արդյունք ունեցել։ Հետո պարզվեց, որ դրանք կեղծվել են։ 2019թ.-ից սկսած Հայաստանն այլևս չի մասնակցում 8-րդ դասարանի ստուգատեսին։

Առաջիկա օրերին բոլորը բոլորին կմեղադրեն։ Բայց մի կարևոր օրենսդրական նորմ, որը պետք է կատարվի։ Կրթության զարգացման պետական ծրագրում, որն օրենքի կարգավիճակ ունի, գործող իշխանությունները գրել են, որ 2030թ.-ին Բնագիտությունից վաստակելու ենք 575 միավոր, Մաթեմատիկայից՝ 550 միավոր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment