Սա դիվանագիտություն չէ, այլ միակողմանի զիջումներ են. Կարապետյանը պատասխանում է Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի վերաբերյալ այսօրվա հայտարարություններն Ադրբեջանի պահանջներին պատերազմի սպառնալիքի ներքո ընդառաջ գնալու քաղաքականություն է։ Ֆեյսբուքյան տեսաուղերձով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսպես մեկնաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի վերաբերյալ այսօրվա հայտարարությունները։ Նրա գնահատմամբ՝ դա դիվանագիտություն չէ, այլ միակողմանի զիջումներ է։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե ովքեր ասում են, որ թույլ չեն տալու Տիգրանաշենը հանձնել Ադրբեջանին, նրանք պատերազմ են հրահրում։

«Տիգրանաշեն մեր այցելությունից հետո այսօր Փաշինյանը հայտարարել է, որ եթե մենք Ադրբեջանի պահանջները չենք անում, պատերազմ կլինի։ Այսինքն՝ Ադրբեջանը վերջին ժամանակներում ինչ ասում է, մենք պետք է խաչ անենք մեր դեմքերին ու տենց անենք, որ պատերազմ չլինի»,– ասաց Կարապետյանը։

Նա թվարկեց այն հարցերը, որոնք, իր գնահատմամբ, հայկական կողմին ներկայացվում են պատերազմի սպառնալիքի համատեքստում՝ Սահմանադրության փոփոխությունից և Անկախության հռչակագրից մինչև Տիգրանաշեն։

«Սահմանադրություն փոխեք, թե չէ պատերազմ կլինի, Անկախության հռչակագիրը հանեք, թե չէ պատերազմ կլինի, Տիգրանաշենը տվեք, թե չէ պատերազմ կլինի։ Մինչև ո՞ւր»,– շարունակեց նա։

Կարապետյանի համոզմամբ՝ Հայաստանի իշխանությունները պետք է Տիգրանաշենի հարցում ոչ թե զիջումների գնան, այլ բանակցությունների միջոցով հասնեն նրան, որ բնակավայրը մնա ՀՀ տարածքում։

«Դիվանագիտական ճանապարհով Հայաստանի տարածքում գտնվող, հայկական օրենքներով Տիգրանաշեն համայնքը պետք է մնա Հայաստանի տարածքում։ Նենց պետք է բանակցվի հենց իրենց ասած՝ հողի վրա, որ Տիգրանաշենը մնա Հայաստանի տարածք»,– նշեց կարապետյանը։

Պատգամավորը Տիգրանաշենի հարցը կարևորեց նաև Հայաստանի տրանսպորտային հաղորդակցության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհով տարեկան շուրջ 2 մլն տոննա բեռ է տեղափոխվում, այն Հայաստանի արտաքին առևտրի կարևոր երթուղի է, ինչպես նաև դրանից օգտվում են հարյուր հազարավոր քաղաքացիներ՝ երկրի տարբեր հատվածներ մեկնելու համար։

«Ամեն րոպե մի եկեք ասեք՝ էս չանեք՝ պատերազմ կլինի, էն չանեք՝ պատերազմ կլինի։ Տենց դիվանագիտություն չեն անում»,– եզրափակեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Sputnik Արմենիա

Leave a comment