Սամվել Կարապետյան․ «Շատ արագ հետ կբերեինք գերիներին․ Փաշինյանն այդ հնարավորությունը չունի»

Հակակոռուպցիոն դատարանում դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն անդրադարձել է երկրում առկա քաղաքական իրավիճակին, Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցին և ընդդիմադիր դաշտում ընթացող գործընթացներին։

Կարապետյանի գնահատմամբ՝ գերիների հարցը լուծելու համար առաջնահերթ անհրաժեշտ է իշխանափոխություն, քանի որ գործող իշխանություններն չունեն համապատասխան կամք ու հնարավորություններ։

«Փոփոխություն է պետք, մինչև չանենք այդ փոփոխությունը, այդ մարդիկ մնալու են, տանջվելու են Բաքվի բանտերում։ Մենք շատ արագ հետ կբերեինք մեր գերիներին՝ մեր հնարավորություններով, ինչը Փաշինյանը չունի»,- հայտարարել է նա։

Խոսելով փողոցային պայքարի և հնարավոր զանգվածային ցույցերի մասին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավարը նշել է, որ իրենց համար մարդկանց փողոց հանելը խնդիր չէ, սակայն նպատակը պետք է լինի հստակ արդյունքի հասնելը։ Նրա խոսքով՝ իրենք պատրաստվում են իրականացնել «ավելի հետաքրքիր» քայլեր։

Սամվել Կարապետյանը հավելել է նաև, որ ակտիվ քաղաքական խորհրդակցությունների մեջ են․ «Բոլոր ճիշտ ուժերի հետ բանակցել ենք, բանակցում ենք, պլանավորում ենք, օրը կգա՝ մեր խոսքը կասենք»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment