Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Ոստիկանությունը Կրակովում մասսայական սպանություն կատարած տղամարդու տանը հայտնաբերել է ևս երեք դի

Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը ոստիկանները երեք մարդու՝ երկու կնոջ և մեկ տղամարդու դի են հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ոստիկանության մամուլի ծառայությունը։ Դեպքի վայրում իրականացվում են քննչական գործողություններ։

Polsat News-ի տվյալներով՝ հայտնաբերված մարմինները, հավանաբար, պատկանում են հարձակվողի ընտանիքի անդամներին։ Հարևանները լրագրողների հետ զրույցում նրա ընտանիքը բնութագրել են որպես սովորական և հանգիստ, սակայն նշել են, որ երիտասարդը, որը նախօրեին սպանել էր վեց մարդու, վերջին շրջանում իրեն տարօրինակ և կասկածելի էր պահում։

Կրակովում հրաձգությունը տեղի է ունեցել նախօրեին՝ ցերեկային ժամերին։ Լեհաստանի քաղաքացին մեքենայով ժամանել է քաղաքի շուկայի հրապարակ և կրակ բացել անցորդների ուղղությամբ։ Զոհվել է վեց մարդ, ևս 15-ը վիրավորվել են։ Զինված տղամարդը եղել է զինվորական համազգեստով և օգտագործել է բանակային նշանակության հրացան։

Ավելի վաղ Onet-ը, հղում անելով Լեհաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներին, հայտնել էր, որ կասկածյալը նախկին զինվորական է։ Սակայն ավելի ուշ գերատեսչության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը հերքել է այդ տեղեկությունը։

«Այս մարդը Լեհաստանի զինված ուժերի զինծառայող չէ և երբեք չի եղել, ինչպես նաև երբևէ որևէ առնչություն չի ունեցել բանակի հետ»,- գրել է նա X-ում։

Leave a comment