Սեպտեմբերի 12-ին տեղի կունենա Խաչերթ և միասնական աղոթք։
Տեղեկությունը Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմից են հայտնել՝ նշելով․
«Խաչի մասին քարոզչությունը հիմարություն է թվում կորստյան ճամփին գտնվողների համար, մինչ մեզ՝ փրկության ճամփին գտնվողներիս համար, դա Աստծու զորությունն է» (Ա Կորնթ. Ա 18)։
Սիրելի հավատացյալներ,
Ուրախ ենք տեղեկացնելու, որ սեպտեմբերի 12-ին՝ Խաչվերացի տոնի նախատոնակին, Արարատի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ և Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցական հովվությունները կազմակերպում են Խաչերթ և միասնական աղոթք։
Խաչերթը կմեկնարկի ժամը 18։00-ին՝ Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուց։ Եկեղեցական թափորի առաջնորդությամբ՝ հավատացյալները հոգևոր երգերով ու աղոթքներով կքայլեն դեպի Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Այստեղ միասնական աղոթք կհնչի մեր ժողովրդի բարօրության և մեր Հայրենիքի խաղաղության համար։
Արարողության ավարտին հավատացյալներին իր հոգևոր պատգամը կփոխանցի Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը։
Սիրով հրավիրում ենք բոլոր հավատացյալներին մասնակցելու Խաչերթին և ունկնդրելու Առաջնորդ Սրբազանի քարոզը։
«Ո’վ է որպէս Տէր Աստուած մեր.
խաչեցաւ վասն մեր, թաղեցաւ և յարեաւ.
հաւատարիմ եղև աշխարհի և համբարձաւ փառօք:
Եկայք, ժողովուրդք, զօրութիւն ընդ հրեշտակս երգեսցուք ասելով. Սուրբ, Սուրբ, Սուրբ, Տէր զօրութեանց»։