«Կարո՞ղ է պարզվի՝ ծառայում ենք Ադանայի հզորացմանը»․ թեժ քննարկում կառավարության անդամների երդման նոր տեքստի շուրջ

«Ասում եք՝ ինչո՞ւ է հիմա բերվել այս փոփոխությունը, այլ ոչ թե ութ տարի առաջ: Որովհետև հիմա է մեր հանրային քննարկումը հասել այստեղ, որովհետև հիմա է, որ Ազգային ժողովում կարող է քննարկվի՝ Ադանան մեր հայրենի՞քն է, թե՞ չէ: Հիմա է դա տեղի ունենում: Եվ հետևաբար, նախորդ երդման մեջ «ծառայել հայրենիքի հզորացմանը» նշանակում է… կարո՞ղ է նշանակի՝ ծառայել Ադանայի հզորացմանը:

Հիմա այդ հարցն է ծագել, որ ո՞նց ենք սահմանում հայրենիք, ո՞նց ենք սահմանում համազգային նպատակ: Սփյուռքը մե՞ջն է, մեջը չի՞… Լավ հարց բարձրացրեց տիկին Գասպարյանը, հա, մե՞ջն է, մեջը չի՞: Հաշվի առնո՞ւմ ենք արդյոք մենք Լոս Անջելեսում, Փարիզում, Մելբուռնում, Մոսկվայում ապրող բոլոր-բոլոր-բոլոր հայերի նպատակները: Այնտեղ նրանք կարո՞ղ ենք հավաքել, եթե նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ դրանք իրար չեն հակասում, բայց ամենայն հավանականությամբ՝ հակասում են, որովհետև շատ տարբեր նպատակներ կարող է ունենան, ասենք, Թեհրանում ապրող հայերը և, օրինակ, Վաշինգտոնում ապրող հայերը, շատ տարբեր նպատակներ կարող է ունենան Բեյրութում ապրող հայերը և Թել Ավիվում ապրող հայերը: Սա՝ ինչ վերաբերում է հայրենիքին և համազգայինին»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում իր ելույթում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

Հանձնաժողովում քննարկվում էր կառավարության անդամների երդման տեքստում փոփոխություն կատարելու հարցը։ Հարցը ներկայացվել է 24-ժամյա քննարկման ռեժիմի համար։ Ընդդիմադիր պատգամավորները նախ չէին հասկանում նման հրատապությունը, ապա խնդիրներ էին տեսնում բուն տեքստում կատարվող փոփոխությունների մասով․ ներկայիս տեքստում հայրենիքին եւ համազգային նպատակներին վերաբերվող հատվածները հանվել են։ Նաեւ տարակուսած էին՝ կառավարության ծրագիրն արդեն ընդունվել է, իսկ կառավարության անդամները դեռ չե՞ն երդվել։

Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տարակուսած է․ «Տպավորություն է, որ սպասել են այս տեքստը լինի՝ նոր երդվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հարցը ներկայացնում էր ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը։

Կառավարության անդամների երդման համար առաջարկվում է հետեւյալ տեքստը․ «Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և զարգացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել Կառավարության անդամի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, ծառայել հանրային շահին, պաշտպանել պետական շահը, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության և սահմանադրական կարգի ամրապնդմանը և գործել ի շահ ներկա ու ապագա սերունդների»։

Երդման գործող տեքստը, ըստ կառավարության ներկայացուցչի, ամբողջական չի արտացոլում պետության հարատեւության, սերունդների առջեւ պատասխանատվության, պետության ամրապնդման եւ զարգացման առանցքային տարրերը, որոնք անհրաժեշտ են ժողովրդավար եւ իրավական պետության համար։

Տիգրան Դադունցն ասաց՝ վերջին խորհրդարանական ընտրություններից հետո վերաարժեւորումներ են եղել եւ կառավարությունում ցանկանում են, որ անդամները նոր տեքստով եւ այս վերաարժեւորումներով երդվեն ու առաջնորդվեն։

Մանրամասները՝ տեսանյութում

 

ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանի հետագա դիտարկումներն էլ սրանք են․ «Երկրորդ՝ ապագա սերունդների վերաբերյալ: Ես սա էլ եմ շատ կարևոր համարում, որովհետև դուք չեք հերքի, որ նախկինում (այդ թվում՝ և մեր իշխանության ժամանակ) շատ որոշումներ կայացվել են՝ հաշվի առնելով ոչ միայն ապագա և ներկա սերունդների շահերը, այլ անցյալ սերունդների զոհողությունները: Անցյալ սերունդների զոհողությունները շատ հաճախ դրվել են նույն նժարին և շատ հաճախ համարվել են ավելի ծանր՝ այն հույսով, որ հարցը լուծենք ի օգուտ անցյալ զոհողությունների, իսկ ապագա սերունդը իր գլխի ճարը կտեսնի: Այդպես չպիտի լինի: Միշտ պետք է առաջնային լինի ապագա սերնդի շահը, և ոչ թե անցյալ սերնդի զոհողությունը, որովհետև եթե ապագա սերնդի շահը չլինի գերակայող, կարող է անցյալ սերնդի զոհողությունն էլ անիմաստ դառնա: Առանց ապագա սերնդի կյանքի՝ անցյալ սերնդի զոհողությունը միանշանակ կլինի անիմաստ»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Ուժեղ Հայաստանից» Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ կարո՞ղ եք որոշակիորեն ասել՝ ինչպիսինն եք պատկերացնում ապագա սերունդը 2040 թվականին, որի առջեւ պարտավորություններ եք ուզում ստանձնել, իսկ ժողովրդի առջեւ տրվող խոստումը, որը պետք է վերաբերվեր նախընտրական խոստումների կատարմանը, անհստակ եւ լղոզված են։

Էդգար Ղազարյան

Հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը հորդորեց՝ «թողեք մեր մահով մահանանք, պարոն Ղազարյան»։

Արուսյակ Ջուլհակյան

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment